«Հրապարակ». ՔՊ-ի սրտի օլիգարխին բիզնեսը ծաղկում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա փետրվարին մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն փելես» հյուրանոցը ձեռք բերեց նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը` 5 միլիարդ դրամով: Հետո մի քանի անգամ էլ այս անձի անունը հնչեց` Հովիկ Աբրահամյանին պատկանող Մոնումենտի դղյակի մութ գործարքի առնչությամբ, երբ ակնհայտ էր, որ գույքը փրկում են պետական բռնագրավումից: Մի անգամ էլ Լուսակերտի ֆաբրիկան հայտարարեց, որ Նալբանդյանը դեմպինգ է անում` ձվի գինը հասցրել է 25 դրամի, որ ձվի-հավի բիզնեսը խլի, եւ իր «Շիրակ» թռչնաֆաբրիկան դառնա գերիշխող: Իսկ երեկ Եղվարդ համայնքում նրան պատկանող համակցված կերերի գործարանի բացումն էր, որին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը` իր շքախմբով։
Դեռ «Գոլդեն փելեսի» գործարքի ժամանակ տեղեկություններ տարածվեցին, որ այն Նալբանդյանը ձեռք է բերել վարկային միջոցների հաշվին՝ բանկերից պարտք վերցնելով։ Մինչեւ բիզնես-ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների հետ։
Ուշագրավ էր, սակայն, որ երեկ կառավարության տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվում փաշինյանական օլիգարխի անունը՝ նշել էին «գործարանի ղեկավարները», թեպետ լուսանկարներում երեւում է, թե ինչպես է թմբլիկ երիտասարդը կրնկակոխ ուղեկցում վարչապետին: «Գործարանի ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ, եւ ստեղծվել է 100-ից ավելի նոր աշխատատեղ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում