Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմադիր հանրահավաքի մեծ թվով մասնակիցներ
Բաքվում նոյեմբերի 11-ին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հավաքների ազատության, ցամաքային սահմանների բացման, քաղբանտարկյալների ազատ արձակման, ազատ և ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու պահանջով հանրահավաք է կազմակերպել, հայտնում է ադրբեջանական turan.az-ը:
Ինչպես «Թուրան»-ին հայտնել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Զաֆար Ահմեդովը, Բաքվի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ մոտ 150 մարդ է բերման ենթարկվել:
Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ բերման են ենթարկվել դեռևս ակցիայի մեկնարկից առաջ։
Իրավապաշտպանը հայտնել է նաև, որ ճշտվում են ձերբակալվածների ցուցակները:
Նշվում է, որ ձերբակալության ժամանակ դաժան ծեծի են ենթարկվել մի շարք ընդդիմադիր ակտիվիստներ:
Ճնշումներ և բռնություններ են կիրառվել նաև ակցիայի վայրում գտնվող և լուսաբանում իրականացնող լրագրողների նկատմամբ: