Իսրայելի նախագահը Նեթանյահուին կհանձնի նոր կառավարություն ձևավորելու մանդատը
«Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգից կստանա նոր կառավարություն ձևավորելու մանդատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուին խորհրդակցություններից հետո երաշխավորել է Քնեսեթի 64 անդամ, իսկ 28 անդամ երաշխավորել է գործող վարչապետ Յաիր Լապիդին:
Եթե Նեթանյահուին հաջողվի կառավարություն ձևավորել, ապա նա Իսրայելի վարչապետի պաշտոնը կստանձնի 6-րդ անգամ՝ դառնալով երկրի ամենաերկար կառավարող ղեկավարը, հաղորդում է CNN-ը:
Նախագահից մանդատ ստանալուց հետո Նեթանյահուն 28 օր կունենա նոր կառավարություն կազմելու համար: Անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 14 օրով:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին Իսրայելի ԿԸՀ-ն ամփոփել էր խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նախկին վարչապետ Նեթանյահուի դաշինքը ստացել էր 64 ձայն՝ կազմելով մեծամասնություն: Նրա հակառակորդների դաշինքն ունի 46 ձայն, ևս 10 ձայն ունեն արաբական կուսակցությունները: