ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հաճախ ստուգել անձնական էջում տեղադրվող փաստաթղթերը (Տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, հոկտեմբերի 1-ից հարկ վճարողները, չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր) համարվում են պատշաճ ծանուցված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից, որոնք ուժի մեջ են մտնում դրանց պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից:
Հոկտեմբերի 1-ից օրենսդրական փոփոխությունների արդյունքում կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ արդեն իսկ ուղարկվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի շուրջ 27 հազար ծանուցում:
Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին առավել հաճախ ստուգել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջը և ծանոթանալ ստացված փաստաթղթերին, ինչը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկանալ ու իրացնել հարուցված վարչական վարույթում լսված լինելու իրավունքը, ինչպես նաև ներկայացնել գրավոր բացատրություններ և առարկություններ:
Մանրամասները՝ տեսանյութում: