Իսրայելի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Երկու օր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան այցելած Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հալպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 10-ին այցելեցին նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանի, ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ:
«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Իսրայելից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Այստեղ անդրադառնալով ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքին՝ պարոն Մարությանը նշեց, որ հրեա հետազոտողներից ոմանք համեմատել են Մուսա լեռան և գետտոներում ու նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների դիմադրությունները: Նա նշեց նաև, որ «Հոլոքոստ» տերմինով ժամանակակիցները կոչում էին 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածներն Օսմանյան կայսրությունում՝ հրեաների ցեղասպանությունից տասնամյակներ առաջ:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Սիմոնա Հալպերինին նվիրեց “International Journal of Armenian Genocide Studies” անգլալեզու գիտական հանդեսի համարներից»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ: