Մեկնարկել են Ճապոնիայի և ԱՄՆ-ի Keen Sword ընդգրկուն զորավարժությունները
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ-ի զինված ուժերն սկսել են Keen Sword խոշորամասշտաբ համատեղ զորավարժությունները ճապոնական հարավարևմտյան կղզիներում: Այդ մասին գրում են տեղական ԶԼՄ-ները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժանքները տևելու են մինչև նոյեմբերի 19-ը, դրանց կմասնակցեն այս երկրի ինքնապաշտպանության ցամաքային, ծովային և օդային ուժերի շուրջ 26 հազար զինծառայողներ, ինչպես նաև ԱՄՆ-ի 10 հազար զինվոր, այդ թվում՝ Տիեզերական ուժերից:
Վարժանքները, որոնք նմանակում են հեռավոր կղզիների պաշտպանությունը, կենտրոնացվելու են Կագոսիմա հարավարևմտյան պրեֆեկտուրայի Տոկունոսիմա կղզու վրա, որտեղ կմասնակցեն ճապոնական ու ամերիկյան Osprey կոնվերտոպլաններ: Ինչպես ճշտում Է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, վարժանքներին Ճապոնիայից և ԱՄՆ-ից կմասնակցեն համապատասխանաբար շուրջ 20 և 10 նավեր, ինչպես նաև շուրջ 250 և 120 ինքնաթիռներ:
Նշվում Է, որ վարժանքներում գործի կդրվի չորս ռազմանավ և երկու ինքնաթիռ՝ Ավստրալիայից, Կանադայից և Մեծ Բրիտանիայից: Զորավարժանքները նաև ընդգրկելու են բալիստիկ հրթիռներին հակազդում և գործողություններ պաշտպանության նոր բնագավառներում, ինչպիսիք են տիեզերական տարածությունը և կիբեռտարածությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: