Արվելու է հնարավոր ամեն բան բարձր պաշտոններում կանանց ներգրավվածությունը Հայաստանում բարձրացնելու ուղղությամբ. Աննա Հակոբյանը՝ Ռեյկյավիկի համաժողովին
Իսլանդիա կատարած այցի երկրորդ օրը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» խորագրով ամենամյա համաժողովի շրջանակներում մասնակցել է «Գենդերային հավասարության պաշտպանություն և առողջություն՝ բոլորի համար» խորագրով քննարկմանը և հանդես եկել խոսքով՝ նշելով, որ նման գաղափարախոսությամբ է առաջնորդվում Հայաստանի Կառավարությունը:
Աննա Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարության վերջին տարիների քայլերը միտված են առողջապահական ոլորտում առաջընթացին՝ հատուկ ուշադրություն դարձնելով մոր և մանկան առողջությանը, պարտադիր առողջապահական համակարգի ներդրմանը և մի շարք այլ ծրագրերի:
Ըստ վարչապետի տիկնոջ՝ կառավարության քաղաքական կամքը ապացուցվում է նաև առողջապահական համակարգի բյուջեի ավելացմամբ, ինչը հնարավոր է դարձնում առաջնահերթություն դարձած բարեփոխումների իրականացումը։
Աննա Հակոբյանը քննարկման մասնակիցներին նաև վստահեցրել է, որ արվելու է հնարավոր ամեն բան բարձր պաշտոններում կանանց ներգրավվածությունը Հայաստանում բարձրացնելու ուղղությամբ:
Վարչապետի տիկինը ներկա է եղել նաև «Երբ մենք քայլում ենք սառույցի վրայով, կարող ենք նաև պարել», «Կանանց առաջնորդության կարևորությունը» խորագրով պանելային քննարկումներին:
Բանախոսների թվում էին Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը, ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Սամի Բահուսը, ԱՄՆ պետքարտուղարության կանանց հիմնախնդիրների հարցերով ավագ մասնագետ Կատրինա Ֆոտովատը և այլ ազդեցիկ կանայք գրեթե ամբողջ աշխարհից:
«Կանայք, պատերազմը և խաղաղությունը» խորագրով պանելային քննարկման բանախոսներից էր Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլես Ֆերնանդեսը, որի խոսքով՝ այս պահին աշխարհում շարունակվող շուրջ 30 պատերազմ կա, որոնցից հիմնականում տուժում են հենց կանայք:
Ռոբլես Ֆերնանդեսը օրինակ է բերել իրենց զինված ուժերը, որի կազմում մեծ թվով կանայք կան, և այդ համատեքստում կարևորել է նրանց ներգրավվածությունը բանակային գործում:
Ըստ նախարարի՝ Իսպանիայում քայլեր են ձեռնարկվում կոնֆլիկտների հանգուցալուծման գործում կանանց դերն ավելացնելու ուղղությամբ՝ վստահ լինելով, որ կանայք աշխարհը փոխելու մեծ ներուժ ունեն։ Զինվորական համազգեստով կանայք պետք է աշխարհում ավելի շատ լինեն, ինչը կնպաստի հենց խաղաղությանը՝ նշել է նախարարը։
Ֆորումի շրջանակում Աննա Հակոբյանը կարճ զրույց է ունեցել Իսլանդիայի չորրորդ նախագահ Վիգդիս Ֆիննբոգադոուտտիրի հետ, որը համարվում է աշխարհում առաջին կինը, որն ընտրվել է սահմանադրական և ժողովրդավար պետության ղեկավար: