Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ ոստիկանության Լոռու մարզային վարչության բաժիններում
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասնավորապես, Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մի դեպքում կամավոր հանձնել են ատրճանակ ու նռնակ, մյուս դեպքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Սպիտակի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։
Հրազենով բաժին եկած տղամարդը հայտնել է, որ այն բերել էր Արցախից։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնում։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Տաշիրի ոստիկանները, արդյունքը՝ Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնում։ Ինքնաձիգի, այս դեպքում՝ հայկական արտադրության, կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Թումանյանի բաժնում։ Այն բաժին բերած տղամարդը հայտնել էր, որ հրազենը պատկանել է հանգուցյալ ազգականին։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գուգարքի ոստիկանները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է Արցախից բերված ձեռքի նռնականետի և նռնակների կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։