Ցուկերբերգը հայտնել է 11 հազար աշխատակցի կրճատման մասին
Meta ընկերությունը, որի դուստր ընկերությունն է հանդիսանում Facebook-ը, կրճատում է 11 հազար աշխատակցի, ինչն աշխատակիցների թվի ամենամասշտաբային կրճատումն է տեխնիկական հսկայի պատմության մեջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն աշխատակիցներին ուղղված գրառման մեջ՝ նշելով, սա Meta-ի պատմության մեջ ամենաբարդ փոփոխություններից է:
«Ես որոշել եմ կրճատել մեր թիմը մոտ 13%-ով և ազատել մեր տաղանդավոր աշխատակիցներից ավելի քան 11 000-ին: Մենք նաև մի շարք լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկում ավելի սեղմ և արդյունավետ ընկերություն դառնալու համար՝ կրճատելով հայեցողական ծախսերը և նոր աշխատակիցների ընդունման սառեցումը երկարացնելով մինչև 1-ին եռամսյակը», - գրել է Ցուկերբերգը:
Ընկերության ղեկավարը նաև պատասխանատվություն է ստանձնել այդ որոշումների և նման իրավիճակի առջև կանգնելու համար՝ ներողություն խնդրելով բոլորից, ում վրա անդրադարձել են փոփոխությունները:
Սեպտեմբերին Meta-ի աշխատակիցների թիվը գերազանցում էր 87 000-ը:
CNN-ը նշում է, որ ընկերությունն անցյալ ամիս ներկայացրել էր երկրորդ եռամսյակի եկամտի ցուցանիշները և նշել, որ նախորդ տարվա համեմատությամբ Meta-ի եկամուտները կիսով չափ կրճատվել են: Ժամանակին ավելի քան 1 տրիլիոն դոլար գնահատվող ընկերության շուկայական արժեքը նվազել է՝ հասնելով շուրջ 250 միլիարդ դոլարի: