Ուկրաինայի Նիկոլաևսկի մարզում ծանր մարտեր են ընթանում. կողմերը հաղորդել են նաև բնակավայրերի գնդակոծությունների մասին
Ուկրաինայի զինված ուժերը մի փոքր առաջխաղացում են ունեցել Լուգանսկի մարզի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Սվատովո բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք, հայտնել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ նշելով, որ Սվատովոն ճանապարհ է բացում դեպի Լիսիչանսկ և Սևեռոդոնեցկ: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ուղղաթիռները հարված են հասցրել ուկրաինական ուժերին Նովոսելովսկի շրջանում, որը Սվատովոյից 14 կմ հեռավորության վրա է: Այստեղից Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները եզրակացնում են, որ Ուկրաինայի զինուժն առնվազն հասել է այդ բնակավայրին:
Միևնույն ժամանակ մարտեր են ընթանում Նիկոլաևսկի մարզում: Ուկրաինայի զինված ուժերը փորձում են գրոհել Սնիգիրյովկա քաղաքը: Այնտեղ ծանր մարտեր են ընթանում: Այս մասին հայտնել է Խերսոնի մարզի փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմոուսովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ պաշտոնյայի՝ ուկրաինական ուժերին հաջողվել է ամրանալ Սնիգիրյովկայի հյուսիսային մատույցներում՝ երկաթգծային ուղիների երկայնքով: Ռուսական ուժերն ուկրաինացի զինվորականների դեմ կիրառում են օդուժ, հրետանի և տեխնիկա:
Բացի այդ, կողմերը հաղորդում են տարբեր բնակավայրերի գնդակոծությունների մասին: Ըստ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունների՝ գիշերը Դնեպրը հարձակման է ենթարկվել կամիկաձե անօդաչու թռչող սարքերով: Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել: Կա 4 վիրավոր:
Ռուսական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ ուկրաինական ուժերը գնդակոծել են Դոնեցկը: Հարվածի հետևանքով վնասվել է երթուղային ավտոբուս, վարորդը վիրավորվել է:
Հիշեցնենք՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 259 օր: