Հսկայական ութոտնուկը գրկել է ուսուցչուհուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կանադացի ուսուցչուհի Անդրեա Համֆրիսը տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հսկայական ութոտնուկը գրկում իրեն սուզվելու ժամանակ։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CTV News-ը։
Համֆրիսը դայվինգով է զբաղվում արդեն 12 տարի, կատարել է 675 սուզում: Հերթական սուզման ժամանակ Վանկուվեր կղզու ափին նրան ուղեկցել են մի քանի սուզորդներ, այդ թվում՝ մի մարդ, ով երբեք ութոտնուկ չէր տեսել:
«Մեր նպատակն էր նրա համար ութոտնուկ գտնել: Նրան հագցրինք մեր հանդերձանքը ու սուզվեցինք։ Երեք րոպե անց ես նկատեցի մի ութոտնուկ, որը նստած էր հատակին և չէր փորձում թաքնվել»,- ասել է Համֆրիսը:
Ութոտանու հետ հանդիպումը տեսագրվել է: Կադրերում երևում է հսկայական ութոտնուկ՝ մեկ մետրից ավելի երկարությամբ շոշափուկներով և բասկետբոլի գնդակից մի փոքր ավելի մեծ մարմինով: Նա մոտենում է Համֆրիսի ընկերուհուն, իսկ հետո ողջունում է կանադուհուն՝ ամբողջովին փաթաթվելով նրավ շոշափուկներով:
«Նա երկարացրեց շոշափուկները, որ դիպչի դեմքիս, իսկ հետո ինչ-որ պահի մոտեցավ ինձ ու գրկեց ինձ»,- ասել է կինը։
Նրա խոսքերով՝ շոշափուկները փաթաթվել են նրա ամբողջ մարմնին և շոշափել նույնիսկ շուրթերը։
Համֆրիսը հուսով է, որ ութոտնուկին հանդիպելու իր պատմությունը ուշադրություն կսևեռի ստորջրյա կյանքի գեղեցկությանը և ստորջրյա աշխարհի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությանը: Կինը նախատեսում է կրկին այցելել այդ վայրը և հույս ունի կրկին հանդիպել ութոտնուկին: