Documento-ի հրատարակիչ Կոստաս Վակսեվանիսը զրպարտության համար Հունաստանի վարչապետի դեմ հայց կներկայացնի
Հայտնի հույն լրագրող եւ Documento թերթի հրատարակիչ Կոստաս Վակսեվանիսը հայց է ներկայացրել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի դեմ զրպարտության համար։ Լրագրողն այս մասին տեղեկացրել է իր թերթի documentonews.gr պորտալում։
Հայցի համար առիթ են հանդիսացել հեռուստահարցազրույցի ժամանակ Միցոտակիսի հայտարարություններն այն մասին, թե Վասկեվանիսը առնչություն ունի ռուս օլիգարխի փողերի փոխանցման հետ՝ Հունաստանում հեռուստատեսային ցանց ստեղծելու համար։
Թերթը կիրակի մի շարք նյութեր էր հրապարակել այն մասին, թե Միցոտակիսը հատուկ ծառայությունն օգտագործել է տասնյակ մարդկանց, այդ թվում ենթադրյալ քաղաքական հակառակորդներին, նախարարներին, լրագրողներին եւ հայտնի գործարարներին լրտեսելու համար:
Թերթի տվյալներով՝ վարչապետի ցուցակում ներառված է 33 մարդ, մասնավորապես՝ նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը, արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, զարգացման եւ ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսը կնոջ հետ, առողջապահության նախկին նախարարը, զբոսաշրջության նախարար Վասիլիս Կիկիլիասը՝ կնոջ հետ, պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը, ֆինանսների նախարար Խրիստոս Ստայկուրասը, լրագրողներ, քաղաքական գործիչներ։
Documento-ն գրում է, որ լրտեսումն իրականացվել է Predator վնասակիր ծրագրի միջոցով։
Միցոտակիսը երկուշաբթի երեկոյան ANT1 (Antenna) հեռուստաալիքին տված հարցազրույցում կտրականապես հերքել էր թերթի հրապարակումը եւ հայտարարել, որ Վակսեվանիսը զրպարտիչ եւ վտանգավոր անձնավորություն է, ինչպես նաեւ մեղադրել էր լրագրողին ռուսական փողերով հունական ԶԼՄ-ների ֆինանսավորմանը ներգրավված լինելու մեջ։
«Պարոն Վասկեվանիսն այն մարդն է, ով 2016-ին ամերիկյան դատարանի որոշման համաձայն առնչություն է ունեցել ռուս օլիգարխի կողմից հունական կենտրոնին 10 մլն դոլարի փոխանցմանը՝ Հունաստանում հեոռուստատեսային ցանց ստեղծելու համար», - ասել է Միցոտակիսը։
«Հարցազրույցի ավարտից անմիջապես հետո documentonews.gr պորտալը կապ է հաստատել կառավարության պաշտոնական ներկայացուցչի հետ, որպեսզի վերջինս պատասխանի՝ ինչի մասին է վերոնշյալ որոշումը։ Յաննիս Իկոնոմուն չի հիշում՝ արդյոք որոշումն ընդունվել է 2016-ին թե 2017-ին եւ հայտնել է մեզ, որ հեռախոսային զանգեր կկատարի՝ տեղեկատվություն ստանալու համար», - հայտնել է պորտալը։
Դրանից հետո Իկոնոմուն պատասխանբել է պորտալին եւ վկայակոչել ԱՄՆ արդարադատության նախարարության 2022 թվականի որոշումը՝ իր պատասխանի մեջ չներառելով 2016 թվականի որեւէ դատական որոշում։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ արդարադատության նախարարության նշված որոշման մեջ Վակսեվանիսի անունը չի հիշատակվում։
«Հետեւաբար Documento-ի հրատարակիչը հայց կներկայացնի վարչապետի դեմ․«Պարոն Միցոտակիսը կամ կապացուցի այն, ինչ ասում է, կամ կդատապարտվի որպես սովորական զրպարտիչ, որը դժբախտություն է ունեցել վարչապետ դառնալու», - նշված է հայտարարության մեջ։