Իրանում հակակառավարական ցույցերի ավելի քան 1000 մասնակցի դեմ դատական վճիռներ են կայացվել
Իրանում հակակառավարական ցույցերի ավելի քան 1000 մասնակցի դեմ դատական վճիռներ են կայացվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Իրանի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշիին հղումով։
Իրանի դատարանները խստորեն կվարվեն ցանկացածի հետ, ով հակակառավարական ցույցերի շարունակվող ալիքի ընթացքում խափանումներ կառաջացնի կամ հանցագործություն կկատարի,ասել է Սեթայեշին, գրում է Reuters-ը:
Գործակալությունը նկատում է, որ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի հոգևոր առաջնորդների համար ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ արդեն յոթ շաբաթ տևող ցույցերը, չեն դադարում:
Ընդդիմադիր HRANA լրատվական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրվա դրությամբ անկարգությունների ընթացքում զոհվել է 318 ցուցարար, այդ թվում՝ 49 անչափահաս։ Նշվում է, որ սպանվել է նաև անվտանգության ուժերի 38 աշխատակից:
Անցյալ ամիս պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ սպանվել է անվտանգության ուժերի ավելի քան 46 անդամ, այդ թվում՝ ոստիկաններ։
Իրանի առաջնորդները թշնամիներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին և Իսրայելին են մեղադրել անկարգություններ հրահրելու համար: Իրանցի օրենսդիրները կոչ են արել դատական համակարգին «վճռականորեն վարվել» հանցագործների հետ:
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են շուրջ երկու ամիս։ Դրանք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, որը ծեծի էր ենթարկվել ոստիկանության բաժանմունքում՝ հիջաբը սխալ կրելու համար։ Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։
Նոյեմբերի 6-ին իրանցի 290 պատգամավորներ բանաձև են ընդունել՝ ցուցարարներին «Աստծո թշնամիներ» անվանելով։ Խորհրդարանականները կոչ են արել դատական համակարգին հնարավորինս արագ պատիժներ սահմանել ցուցարարների նկատմամբ։