Ամերիկյան կողմը տպավորված է Ոստիկանության բարեփոխումներով. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ
ԳլխավորՆոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը բարձր է գնահատել ամերիկյան գործընկերների հետ համագործակցությունը և նշել, որ բավական լուրջ համատեղ աշխատանքներ են տարվել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես՝ պարեկային ոստիկանության ստեղծման, տեխնիկական վերազինման, պարեկների վերապատրաստման ուղղությամբ։
Ջեյմս Էփլգեյթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ ամերիկյան կողմը տպավորված է բարեփոխումներով արձանագրված առաջընթացով և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունն ու աջակցությունը Հայաստանի ոստիկանության արդիականացման ու ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր ևս՝ կապված նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության, ջրային պարեկային ծառայության ներդրման, ծառայությունում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման վերաբերյալ։
Այցի շրջանակներում Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև պարեկային ծառայությունում և ոստիկանության կրթահամալիրում։