Երբ պաշտոնյան քննադատում է դատական ակտը, պետք է պաշտոնավարման ցմահ արգելք ունենա. Օրբելյան
Ես շատ եմ ցավում, որ այսօր դատավորները քննարկում են ոչ թե այն, որ պետական բյուջեն պարտավոր ենք ծախսել դատավորների թիվ ավելացնելու վրա, ասում ենք՝ ոնց անենք, որ փող չծախսենք. Դատավորը չունի գործառույթ մտածելու՝ ոնց անենք, որ փող չծախսենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ նշեց «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
Նա հայտարարեց, որ Հայաստանում լրջագույն խնդիր կա՝ ապահովելու դատավորի անկախությունը. «Քաղաքացիական գործերով հատուկ կառուցակարգ կա գոնե հայցային վաղեմության կիրառման մասով, իսկ քրեական գործերով լրջագույն խնդիր է, ցանկացած միջնորդություն, որը կարող է բերել գործի ավարտին, չի քննարկվում, հետաձգվում է կամ առանց քննության է մնում, ասում են՝ ապացույցները հետազոտենք, վերադառնանք։ Նման որոշումները, մանավանդ, եթե որոշակի հնչեղ գործերով են, առաջացնում են քաղաքական իշխանությունների համապատասխան ագրեսիվ արձագանքը», - ընդգծեց փաստաբանը։
Ըստ Օրբելյանի լուծումը հետեւյալն է. «Քրեական օրենսգրքով պետք է պաշտոնավարման ցմահ արգելք նախատեսել պետական պաշտոն զբաղեցնող որևէ անձի կողմից դատական համակարգի որևէ որոշում քննադատելու համար»: