Վերաքննիչ դատարանը մերժեց Զոդի կամուրջի վթարի գործով ազատազրկման դատապարտվածին ազատ արձակելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանում երեք տարի առաջ Զոդի կամուրջի վթարի գործով պաշտպանական կողմի բողոքի քննությանն՝ այսօր նոյեմբերի 7–ին, 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարված Սողոմոն Հակոբյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը միջնորդեց փոխել պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ ազատ արձակել նրան։
Պաշտպանը նշեց, որ Հակոբյանն արդեն կալանավորված է երեք տարի, չորս ամիս եւ կալանքը վերածվել է ոչ իրավաչափ պատժի։ Ըստ նրա՝ կալանքը չի ծառայում նպատակին, քանի որ վաղուց բոլոր ապացույցները հետազոտվել են եւ անհեթեթ է մտածել, որ Հակոբյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ էլ գործին մասնակցող անձանց վրա ազդեցություն ունենալ, կամ էլ՝ փախչել։
Սողոմոն Հակոբյանն էլ հայտարարեց, թե ինքը հանցանք չի կատարել, վթարը տեղի է ունեցել անզգուշությամբ։
«Իմ հիվանդությունները չեն համապատասխանում այդ պայմաններում կալանք տանել»,- շեշտեց նա։
Դատախազը եւ տուժողների իրավահաջորդներն առարկեցին պաշտպանական կողմի միջնորդությունը։
«Հանցագործը պայքարում է ազատ արձակվելու համար, բայց 7 երիտասարդ է զոհվել, իմ 15 տարեկան աղջիկն է մահացել, ումից ինչ պահանջեմ, պահանջում եմ՝ տվեք աղջկաս, նա պնդում է, թե էդ հիվանդություններով չի կարող կալանքի տակ մնալ, բա էդ հիվանդությունների տեր մարդը մեքենա վարելու իրավունք ունի՞, եթե իրավունք ունի, ուրեմն նա քիլլեր է երթեւեկության համար»,– դիմելով դատարանին՝ ասաց վթարի հետեւանքով մահացած 20-ամյա Աստղիկ Ավետիսյանի հայրը՝ Տիգրան Ավետիսյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց մերժել Սողոմոն Հակոբյանին ազատ արձակելու վերաբերյալ պաշտպան Մոնիկա Մարգարյանի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանին դատապարտել է 6 տարի 6 ամսվա ազատազրկման։ Պաշտպան Մոնիկա Մարգարյանը դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը, վարույթ ընդունել բողոքն ու բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, արդարացնել Սողոմոն Հակոբյանին եւ հռչակել վերջինիս անմեղությունը հանցանքի կատարման մեջ։