Ղազախստանը պատրաստ է իր պաշտպանության համար, դիվանագիտությունից բացի, այլ միջոցներ էլ կիրառել. Տոկաեւ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել իր ազգային շահերը, եւ ոչ միայն դիվանագիտության միջոցով։ Այս մասին նա ասել է հանրապետության Մանգիսթաուի մարզի հասարակության հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր սրբազան անկախությունը։ Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք պաշտպանել ազգային շահերը ոչ միայն դիվանագիտության օգնությամբ, այլեւ ավելի կոշտ դիրքերից։ Եվ սա մեր անսասան դիրքորոշումն է »,- ընդգծել է Ղազախստանի նախագահը։
Նա ավելացրել է, որ վերջին ամիսներին հաքերներն ակտիվորեն գրոհում են Ղազախստանի տեղեկատվական համակարգերը։ Նրա խոսքով՝ այդ հարձակումները հատկապես հաճախակիացել են ընթացիկ քաղաքական արշավի ընթացքում։ Տոկաեւն ընդգծել է, որ կիբեռգրոհները կոշտ կերպով կկասեցվեն, այդ թվում՝ կարող է մտցվել ապատեղեկատվության տարածման արգելք։
Քաղաքական գործիչն ավելացրել է, որ Ղազախստանում կայունության եւ անվտանգության վրա, արտաքին քաղաքական օրակարգից բացի, ավելի մեծ ազդեցություն է գործում նաեւ ներքին իրավիճակը։
«Քանի դեռ թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս կան մարդիկ, որոնք պառակտում եւ թշնամանք են սերմանում, մենք չենք կարող անհոգություն ցուցաբերել»,- ասել է Տոկաեւը։