Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզման փորձ արած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր
Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր: ԱՆ-ի փոխանցմամբ, նա Այրվածքաբանության ազգային կենտրոնում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։