Մոսկվայում երկու երեխա փակված են մնացել բնակարանում՝ մահացած հոր հետ
Մոսկվայի հարավ-արևելքում գտել են երկու երեխայի՝ բնակարանում փակի տակ։ Շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, հայտնում է KP.RU-ն՝ սեփական աղբյուրներին հղումով։
Նշվում է, որ հարևանները դիմել են ոստիկանություն՝ ասելով, որ առաջին հարկի բնակարանում մի քանի ժամ է՝ երեխաներ են լաց լինում։ Սակայն ոչ ոք դուռը չի բացում։
Դեպքի վայր ժամանած իրավապահները կարողացել են մտնել բնակարան։ Այնտեղ նրանք գտել են երկու երկվորյակ երեխաներին և նրանց մորը, մինչդեռ կինը ոչ մի կերպ չէր արձագանքում շրջապատում կատարվողին։ Խոհանոցում հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի դի, որը ենթադրաբար երեխաների հայրն է։
Ըստ մասնագետների՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։ Կայքի աղբյուրների համաձայն՝ տղամարդը, ենթադրաբար, մահացել է թմրամիջոցների գերդոզավորման հետևանքով։
Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ հետազոտության։ Հետագայում վերահսկող մարմինները կորոշեն՝ արդյոք նրանց մայրը կզրկվի ծնողական իրավունքներից, թե ոչ։