Անգործությունն անթույլատրելի է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը: Այս մասին հիմնադրամը հաղորդագրություն է տարածել:
«Կիբեռտարածքն արդեն վաղուց դիտարկվում է որպես պետությունների կողմից պատերազմ վարելու սովորական հարթակ, իսկ կիբեռզենքերը՝ սովորական զինատեսակներին զուգահեռ՝ որպես պատերազմ վարելու այլընտրանքային միջոցներ, և վերջին տասնամյակների ընթացքում պետությունները արտաքին թշնամուց պետական պաշտպանության համատեքստում մեծ ուշադրություն են դարձնում կիբեռպաշտպանությանը՝ առաջին հերթին մշակելով կիբեռպաշտպանության մասով պետության ռազմավարությունը և պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։
Վերոնշյալի համատեքստում, նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած ագրեսիան և դրա շարունակական դրսևորման բարձր հավանականությունը՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը և մասնավորապես կիբեռպաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականությունը։
ՀՀ տեղեկատվական անվտանգության և «էլեկտրոնային հասարակության» ձևավորման ու զարգացման ապահովման ոլորտում կոնկրետ միջոցները սկսել է ձեռնարկել արդեն 2000-ականների առաջին տասնամյակում: 2008-2009թթ. ՀՀ կառավարությունն ընդունեց կիբեռանվտանգության ոլորտում մի շարք ռազմավարական փաստաթղթեր: 2017թ.-ի հոկտեմբերին ՀՀ նախագահի և կառավարության կողմից նախաձեռնվեցին ոլորտի ռազմավարական փաստաթղթերի կատարելագործման և արդի մարտահրավերներին համապատասխանեցման գործընթացը՝ ուժը կորցրած ճանաչվեցին տվյալ պահի դրությամբ ոլորտը կարգավորող փաստաթղթերը, իսկ 2017-ի վերջին և 2018-ի սկզբին մշակվեցին ՀՀ կիբեռանվտանգության ռազմավարության, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության ռազմավարության նախագծերը:
Թվում էր, թե ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս փաստաթղթերը պետք է պետության կողմից դիտվեին որպես առաջնահերթություն, լրամշակվեին, վերջնականացվեին, վաղուց ընդունված լինեին և այսօր գտնվեին իրականացման փուլում, սակայն այս հարցի շուրջ իրականացրած վերլուծությունը հանգեցնում է ցավալի եզրահանգումների. իրողությունն այն է, որ 2017-ից առ այսօր Հայաստանը չունի տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության ոլորտներում որևէ ռազմավարական փաստաթուղթ: Այսօր տեղեկատվական անվտանգությանն ու կիբեռանվտանգությանն անդրադարձող հիմնական դրույթները ամրագրված են 2020թ. հուլիսի 10-ի ՀՀ անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության 7-րդ բաժնի 7.9-7.16-րդ կետերով և ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի «Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին» որոշմամբ, որոնցով նախատեսված են հանրահայտ ընդհանրական բնույթի ճշմարտություններ և վերացական նպատակներ, իսկ ռազմական կիբեռպաշտպանության խնդիրն ամբողջությամբ անտեսված է։
Վերջին 5 տարիների ընթացքում այս ոլորտում պետական կառավարման մարմինների դրսևորած պասիվ կեցվածքը և անգործությունն անթույլատրելի են՝ հաշվի առնելով ՀՀ-ի առջև ծառացած անվտանգային և պաշտպանական խնդիրները: ՀՀ-ում կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության վերաբերյալ տեսլականի, քաղաքականության և ռազմավարական փաստաթղթերի բացակայությունը վտանգավոր իրողություն է՝ պետական պաշտպանության արդյունավետ կազմակերպման համատեքստում։
Խնդրի արդիականության և հրատապության մասին են վկայում նաև ՀՀ կիբեռանվտանգության և կիբեռպաշտպանության ապահովման մասով ՀՀ ցուցանիշները։ Համաշխարհային կիբեռանվտանգության ինդեքսի 2020-ին հրապարակված տվյալների համաձայն՝ տարածաշրջանի երկրներից Հայաստանից ավելի ցածր ցուցանիշներ ունեն միայն Ղրղզստանը (49,64), Տաջիկստանը (17,1) և Թուրքմենստանը (տվյալները բացակայում են)։ Իսկ ազգային կիբեռանվտանգության ինդեքսով 2020-ի դրությամբ Հայաստանն այլ պետությունների շարքում 90-րդն է՝ ունենալով նվազագույն զրոյական ցուցանիշ կիբեռանվտանգության քաղաքականության մշակման առումով, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կիբեռտարածքում վտանգների վերլուծության տեսանկյունից, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կիբեռտարածքում ճգնաժամի կառավարման տեսանկյունից, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կենսական ենթակառուցվածքների և թվային ծառայությունների պաշտպանության տեսանկյունից և նվազագույն զրոյական ցուցանիշ՝ ռազմական ոլորտում կիբեռօպերացիաների կազմակերպման կարողությունների տեսանկյունից։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://bit.ly/3T5EVCT»: