Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական։ Այս մասին Առաքելյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ․
«Արցախյան պատերազմից հետո յուրաքանչյուր առիթ օգտագործել եմ Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծման հարցում իմ բաժին պատասխանատվությունը ստանձնելու։
Ցավոք, պատերազմից երկու տարի անց էլ Արցախը շարունակում է ունենալ մեծ նվիրման կարիք՝ պատմական այս ծանր ժամանակաշրջանը հաղթահարելու համար։
Ի աջակցություն Արցախի պետք է ապրել Արցախում, աշխատել Արցախում, գնալ Արցախ, աշխատել Արցախի համար...
Ռուբեն Վարդանյանի առաջարկով ժամանակավորապես տեղափոխվել եմ Արցախ՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հանուն Արցախի։ Իմ գործունեության հիմնական հատվածն անցնելու է Արցախում՝ որպես պետական նախարարի խորհրդական։
Վստահ եմ՝ մեզ հաջողվելու է ամրապնդել Արցախի հայկականությունը, արցախցու՝ իր հողում ապրելու հավերժականությունը։
Այլևս ոչ մեկ, ոչ մի տեղ չպետք է կասկածի տակ դնի այս ճշմարտությունները։
Արցախը կա և մնալու է հայկական»,-գրել է Առաքելյանը։