Կոմպոստացվող պլաստիկի կեսից ավելին իրականում չի քայքայվում
Կոմպոստացվող պլաստիկի մոտ 60%-ը իրականում կես տարվա ընթացքում չի քայքայվում՝ չնայած արտադրողների հավաստիացումներին։ Աղբավայրերում այս թափոնները հայտնվում են հողում եւ ստորերկրյա ջրերում: Բնությունը պաշտպանելու միակ միջոցը ավելի քիչ պլաստիկ օգտագործելն է։
Այս եզրահանգմանն են եկել բրիտանացի գիտնականները «Կոմպոստավորման մեծ փորձի» ժամանակ, որին մասնակցել է 9,7 հազար մարդ, գրում է The Guardian-ը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ մի քանի ամսվա ընթացքում ամբողջությամբ քայքայվել է ուսումնասիրված պլաստիկ բեկորների միայն 34%-ը։ Մնացածը՝ միայն մասամբ, որոնցից միայն 11%-ը փոքր բեկորների:
Պարզվել է նաեւ, որ մարդկանց միայն 10%-ն ունի միջոցներ տանը կենսաքայքայվող պլաստիկն արդյունավետ կոմպոստացնելու համար։ Մնացածը, ամենայն հավանականությամբ, այն նետել են աղբամանը։ Այնտեղ աղբը մեթան է արտանետում, որը վտանգավոր ջերմոցային գազ է։
«Տնային կոմպոստացվող պլաստիկի հայեցակարգը չի գործում: Եկեք չձեւացնենք, թե ինչ-որ համադարման միջոց կա, եւ դուք կարող եք որոշակի ապրանքներ վաճառել մարդկանց՝ չունենալով աղբի կառավարման իրական ենթակառուցվածք, եւ հուսանք, որ խնդիրն ինքնին կլուծվի», - նշել է հետազոտության համահեղինակ Մարկ Մյոդաունիկը: