AH1N1 վիրուսի հարուցիչը հաստատվել է 14 տարեկան երեխայի մոտ, նրա վիճակը բավարար է. ՀՎԿԱԿ
Գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի (խոզի գրիպ) հարուցիչը հաստատվել է 14 տարեկան երեխայի մոտ, որը ստացիոնար բուժում է ստանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:
Ըստ նրա, այս պահի դրությամբ երեխայի վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2–ին ՀՎԿԱԿ–ը հայտնել էր Հայաստանում խոզի գրիպի հարուցիչի շրջանառելու մասին։
Հայաստանում խոզի գրիպի վիրուսի հարուցիչ է հայտնաբերվել
Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ H1N1–ին բնորոշ են նույն գանգատները, ինչ ցանկացած սուր շնչառական վարակներին, սակայն ավելի ծանր ընթացքով։
«Կարող է կտրուկ ջերմության բարձրացում լինել, մկանացավեր, գլխացավեր, ընդհանուր թուլություն։ Կարող է ուղեկցվել հազով, քթարտադրությամբ: Կարող է ձայնի խռպոտություն, ինտոքսիկացիա լինել, կարող է լինել նաեւ առանց ջերմության: Որպես բարդություն վերին շնչուղիներից կարող է անցնել ստորին շնչուղիներ եւ ընթանալ առավել ծանր», – ասաց նա։
Վարակաբանը հորդորեց նման դեպքերում պարտադիր դիմել բժշկի, և որքան հնարավոր է շուտ, ինչպես նաև չդիմել ինքնաբուժման հակաբիոտիկներով, որովհետեւ հակաբիոտիկները ցուցված չեն վիրուսների բուժման համար, ուստի էլ ավելի կարող են ծանրացնել երեխայի բուժման ընթացքը: