Կոչ եմ անում մասնակցել նոյեմբերի 5-ի հանրահավաքին. Մուրադ Փափազյանի ուղերձը
Կոչ եմ անում մասնակցել շաբաթ` նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին կայանալիք հանրահավաքին՝ Հայաստանի և Արցախի անվտանգության համար: Այս մասին, իր ուղերձում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Ուղերձում նաեւ ասվում է. «Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Ես անբաղձալի տարր նկատված եմ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով արգելեց վերադարձս Հայաստան, բայց ես շարունակելու եմ ամբողջ ուժով պաշտպանել Հայաստանի և Արցախի հանրապետությունների շահը: Ես ուզում էի լինել քեզ հետ՝ Երևանում։ Չնայած ես ծնվել եմ Ֆրանսիայում, բայց ինձ համարում եմ 100% ֆրանսիացի և 100% հայ:
Հայաստանն իմ մեջ է, և ոչ ոք չի կարող ինձ խանգարել այն պաշտպանել. Սենատում և Ազգային ժողովում, Ֆրանսիայում, մենք բանաձեւեր ենք ընդունելու Հայաստանին և Արցախին աջակցելու և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։
Այսօր արդեն Սենատը հրապարակել է բանաձևի նախագիծը, որում ներառված է նաև Արցախի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտության դրույթը:
Պայքարը շարունակվում է։ Մեր և մեր երեխաների ապագայի անունից մենք պետք է դիմադրենք, ցույց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք, Արցախի հետ, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության: Կոչ եմ անում շաբաթ օր ժամը 15.00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում», - նշել է ֆրանսահայ գործիչը: