ԱՄՆ-ում ընկերությունը պահպանում է մարդկանց դաջվածքները մահից հետո
ԱՄՆ-ում հայր ու որդի հիմնել են ընկերություն, որը մասնագիտացած է մարդկանց մահից հետո դաջվածքների պահպանման գործում, գրում է Oddity Central-ը։
Երրորդ սերնդի դագաղագործ Մայքլ Շերվուդը եւ նրա որդի Կայլը մի քանի տարի առաջ այդ գաղափարը մտահղացել են ընկերների հետ խմելիս: Ընկերներից մեկն այն ժամանակ ասել է, որ կցանկանար պահպանել իր դաջվածքները մահից հետո, եւ հարցրել է, թե ինչպես կարելի է դա անել: Սկզբում բոլորը ծիծաղել են այս հարցի վրա, բայց հետո մտքերի մեջ են ընկել։
Մայքլը եւ Կայլը դաջվածքները հեռացնելու եւ պահպանելու իրենց սեփական մեթոդն են մշակել, որից հետո նրանք սկսել են պատվերներ ընդունել։ Հայրն ու որդին չեն հայտնում գործընթացի մանրամասները, սակայն պնդում են, որ այն երկար է եւ կարող է երեքից չորս ամիս տեւել։
«Մենք փորձում ենք այն հնարավորինս արժանի դարձնել: Մարդկանց համար սրանցից որոշներն իսկապես արվեստի գործեր են»,- մեկնաբանել է Կայլը։
Մայքլն ու որդին նույնիսկ պահպանված դաջվածքները գրքերի շապիկների կամ լուսամփոփների վերածելու պատվեր են ստացել, սակայն Շերվուդներն ասում են, որ իրենք փորձում են կատարել ընտանիքի վերջին ցանկությունը, այլ ոչ թե ինչ-որ շոու կազմակերպել: