Միջազգային հանրությունը շատ հստակ ազդանշան է ուղարկել Ադրբեջանին․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի բոլոր ոլորտներում մենք, ըստ էության, բախվել ենք մաքսիմալիստական մոտեցման։ Սա վատ նորություն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը՝ մարտադաշտում որոշակի ռազմական հաջողությունների հասնելով, փաստացի եկել է այն եզրակացության, որ կարող է հակառակ կողմին պարտադրել իր պայմաններն ու տեսակետը։ «Սակայն այս ճանապարհով ոչ մի տեւական եւ համապարփակ խաղաղության հնարավոր չէ հասնել: Եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղությամբ, նա պարտավոր է արձանագրել, որ որոշ հարցերում պարզապես չեն կարող լինել միակողմանի շահավետ լուծումներ»,-ասաց Միրզոյանը։
Լավ նորությունն, ըստ Միրզոյանի, այն է, որ միջազգային հանրությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել այն խնդիրներին, որոնք այսօր առկա են Ադրբեջանի հետ հարաբերություններում։ «Եվ այդ ուշադրությունն ավելի ու ավելի է մեծանում, հատկապես սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ հստակ ազդակ է ուղարկել Ադրբեջանին, որ ուժի սպառնալիքը չի կարող լինել առկա խնդիրների լուծման ճանապարհը»,-եզրափակեց ՀՀ արտգործնախարարը։