Վիճակախաղով 30 մլն դոլար շահած չինացին դեղին ճուտիկի կոստյումով է գնացել ջեքփոթը ստանալու, որպեսզի կինն ու երեխան չիմանան շահումի մասին
Չինաստանում տղամարդը վիճակախաղի 219 միլիոն յուան (30 մլն դոլար) ջեքփոթի շահումը գաղտնի է պահում իր կնոջից և երեխայից, քանի որ վախենում է, որ, իմանալով ահռելի հարստության մասին, նրանք կծուլանան:
Անանունությունը պահպանելու համար տղամարդը, որը ներկայացել է միայն «պարոն Լի» կեղծանունով, անցյալ շաբաթ հագել է մուլտֆիլմի հերոսի դեղին զգեստ և եկել է վիճակախաղի գրասենյակ՝ ստանալու իր շահումը, հաղորդում է Nanning Evening News-ը:
«Պարոն Լին» ասել է, որ ոգևորված է շահումով, բայց ցանկանում է թաքցնել իր ինքնությունը և ջեքփոթը գաղտնի պահել կնոջից և երեխայից:
«Ես կնոջս և երեխայիս չեմ ասել՝ վախենալով, որ նրանք չափազանց ինքնագոհ կլինեն և ապագայում չեն աշխատի կամ կաշխատեն, բայց ոչ ջանասիրաբար», - ասել է նա Nanning Evening News-ին:
Հարկերի գանձումից հետո տղամարդը ստացել է 171,6 միլիոն յուան, որից 5 միլիոնը նվիրաբերել է բարեգործությանը և դեռ չի որոշել, թե ինչ անել ունեցվածքի մնացած մասի հետ: