Հայկ Կոնջորյանին ու Համբարձում Մաթեւոսյանին ՔՊ վարչությունում կփոխարինեն Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը. ԶԼՄ–ներ
ՔՊ նորընտիր վարչության կազմը կարող է փոխվել։ Արդեն մի քանի օր է` մամուլը գրում է, որ անցած շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո կուսակցությունում միանշանակ չի ընդունվել վարչության կազմի ընտրությունը և որոշ կուսակցականներ վերհաշվարկի դիմում են ներկայացրել։
«Hraparak.am»–ի տեղեկություններով, հաշվիչ հանձնաժողովն ընթացք է տվել դիմումին, տեղի է ունեցել ձայների վերահաշվարկ, որի արդյունքում վարչության անդամ ընտրված, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ փախվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ձայներում փոփոխություններ են եղել, նրանք դուրս են մնացել վարչության կազմից, փոխարենը վարչության անդամ են դարձել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։ Իսկ
«Factor.am»-ի տեղեկություններով՝ փոփոխություններից հետո Սուրեն Պապիկյանը չի լինի ՔՊ վարչության փոխնախագահ։ Ըստ կայքի՝ այս փոփոխություններն արվելու են վերահաշվարկի ժամանակ ի հայտ եկած փաստերի արդյունքում, և դա ներկայացվելու է որպես վերջիններիս կողմից ինքնաբացարկ։ Կայքը տեղեկացնում է նաև, որ այսօր նախատեսված է ՔՊ վարչության արտահերթ նիստ։ Այս նիստն անցկացնելու համար Փաշինյանը չեղարկել է ՔՊ խմբակցության հետ նախապես ծրագրված հանդիպումը, որի ժամանակ մանրամասներ էր ներկայացնելու Սոչիի եռակողմ հանդիպումից։
«Մի քանի ժամից նորընտիր, բայց ոչ լեգիտիմ վարչության կազմը պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանին եւ քննարկեն կատարվածը, որի գլխավոր «հերոսը», ըստ լուրերի, Արփի Դավոյանն է, հենց նա է եղել ընտրությունների ողջ կազմակերպչական հարցերի պատասխանատուն եւ ազդեցություն է գործել հաշվիչ հանձնաժողովի վրա, որի կազմում ընդգրկված են եղել ԱԺ փորձագետներ, նախկին-ներկա պատգամավորի օգնականներ։
Մեզ ասացին, որ մինչ տեղի կունենա վարչապետի հետ հանդիպումը, ՔՊ-ում, արդեն սկսվել են բազարները՝ ոչ միայն վարչության, այլեւ խմբակցության անդամներն են կարծում, որ Արփի Դավոյանին պետք է զեղծարարության համար պատասխանատվության ենթարկել եւ ընդ որում՝ խիստ պատիժ տալ՝ զրկել պատգամավորական մանդատից, քանի որ նա խայտառակել է մի ողջ կուսակցություն եւ միայն նրան պատժելով կարելի է փրկել կուսակցությունը նման խայտառակությունից։
Ավելին, մեզ ասացին, որ Հայկ Կոնջորյանն անսասան է՝ չի պատրաստվում ինքնաբացարկի մասին հայտարարել ու սպասվող հավաքին հենց նա էլ կպահանջի, որ ոչ թե «զոհին» պատժեն, այլ «դահիճին»,– գրում է hraparak.am–ը։