Ֆիլիպիններում «Նալջի» փոթորկի հետեւանքով զոհվել է 150 մարդ
«Նալջի» մերձարեւադարձային փոթորիկը Ֆիլիպիններում ծանր հետեւանքներ է ունեցել ավելի քան 3,96 մլն մարդու համար։ Հինգշաբթի օրը Տարերային աղետների ռիսկերի նախազգուշացման եւ հետեւանքների վերացման ազգային խորհրդի հրապարակած հաշվետվության համաձայն՝ տարերքի հարվածի զոհ է դարձել 150 մարդ։
Գերատեսչության տվյալներով՝ 1,21 մլն տեղահանվածներ գտնվում են տարհանման 2 094 կենտրոններում։ Ավելի քան 355,4 հազար մարդ նախապես հեռացել էր տներից։ Առնվազն 128 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել, 36-ը համարվում է անհետ կորած։ Հանրապետության 13 շրջաններում գրանցվել է ավելի քան 1,5 հազար միջադեպ, այդ թվում հեղեղումներ եւ սողանքներ՝ տարերային աղետով պայմանավորված։
Փոթորիկը վնասել է 12,9 հազար, ոչնչացրել 2,19 հազար տուն։ 367 ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված վնասը գնահատվում է 2,83 մլրդ պեսո (48,18 մլն դոլար)։ Տարերային աղետի հետեւանքով վնասվել են 499 ճանապարհներ եւ 120 կամուրջներ։ 354 քաղաքներում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ, բայց 200-ում այն արդեն վերականգնվել է, 38 շրջաններում մնացել են կապի, 9-ում՝ ջրամատակարարման հետ կապված խնդիրներ։
Դադարեցվել են դասերը 666 ուսումնական հաստատություններում, աշխատանքը 233 ձեռնարկություններում։ 292 քաղաքներում գործում է աղետի ռեժիմ։ Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 2,44 մլրդ պեսո (41,53 մլն դոլար)։ Կառավարությունն արդեն հատկացրել է 136,84 մլն պեսո (2,32 մլն դոլար) օգնության ցուցաբերման համար։