«Ժողովուրդ». Փաշինյանի պնդումները կեղծ են. նա խաբել է. մաս 126
Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նախորդ տարվա մայիսի12-ից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ պնդումներ էր անում, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
Այս մասին Փաշինյանը հայտարարել էր մի քանի անգամ: Ուշագրավ է, որ օրենքն ընդունվել է ոչ թե 2010-ին, այլ 1995-ին, իսկ ուժի մեջ մտել է 1995-ի դեկտեմբերի 15-ին: 2010-ի հունիսի 24-ին օրենքում արվել են լրացումներ եւ փոփոխություններ: Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 2010-ին Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել: Այս օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ:
Նրա կողմից մատնանշված օրենքը Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ այն ամրագրում կամ նկարագրում է ոչ թե ՀՀ-ի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների, մարզերի միջեւ: Պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001-ի նոյեմբերին եւ ուժի մեջ է 2001-ի դեկտեմբերից:
Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով: ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:
Եվ ընդգծենք, որ ՀՀ անկախությունից ի վեր ՀՀ-ն Ադրբեջանի հետ չի կնքել պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին. այդ հարցը բաց է: Այսինքն՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի արած պնդումը՝ ՀՀ-ի կողմից իր պետական սահմանների որոշման եւ տեղորոշման մասին, կեղծ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում