«Հրապարակ». Սասուն Խաչատրյանը չթաքցրեց իր վերաբերմունքը Աննա Վարդապետյանի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ ԱԺ-ում 2023-ի բյուջեն էր զեկուցում։ Նա այս անգամ էլ տրամադրված չէր շփվելու լրագրողների հետ ու պատասխանելու հարցերին։ Ստիպված եղանք «հատուկ միջոցներ կիրառել»` փակել նախկինում լրագրողների հետ ազատ շփվող պաշտոնյայի ճանապարհն ու ստիպել, որ մի քանի հարցի պատասխանի։ Մեթոդն աշխատեց։ Մինչեւ «վազքուղի» դուրս գալը՝ Խաչատրյանը հասցրեց անդրադառնալ Հովիկ Աբրահամյանի առանձնատան հետ կապված հարցին, որի շուրջ իրենց կառույցն ու դատախազությունը, երբ դատախազն Արթուր Դավթյանն էր, չէին կարողանում լեզու գտնել։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի կառույցի թողտվությամբ էր դղյակի նկատմամբ արգելքը հանվել, որը մեկ օրում վաճառվել էր այլ անձի` սեփականատերը փորձել էր այն փրկել բռնագրավումից: Իսկ դատախազությունը հայտարարեց, որ տեղյակ չի եղել այդ գործարքից, եւ գործ հարուցեց կատարվածի առնչությամբ:
Իսկ նոր դատախազի հետ կկարողանա՞ առանց կոնֆլիկտի աշխատել, Խաչատրյանն ասաց․ «Մենք նոր դատախազի հետ շատ լավ աշխատում ենք»։ Ապա մի կերպ ճեղքեց լրագրողների պատն ու մտավ «վազքուղի»՝ փորձելով հնարավորինս արագ դուրս գալ ԱԺ տարածքից, որ ազատվի լրագրողների հարցերից։ Երբ շենքից դուրս էր եկել, ու թվում էր՝ արդեն «ազատվել է», մինչեւ դարպասներից դուրս կգար, մենք նրան մի քանի հարց էլ ուղղեցինք՝ կապված Արթուր Դավթյանի հետ լարված հարաբերությունների եւ Աննա Վարդապետյանի հանդեպ իր վերաբերմունքի հետ, որը, ասում են, բավականին ջերմ է, եւ Խաչատրյանն ուրախացել է, որ վերջապես ազատվել է Դավթյանից, ով այլեւս խոչընդոտներ չի հարուցի նախկիններին պատժելու «սուրբ գործում»։ Խաչատրյանն առանձնապես չթաքցրեց իր դրական վերաբերմունքը նորանշանակ դատախազի նկատմամբ։
- Պարոն Խաչատրյան, լա՞վ եղավ, որ Արթուր Դավթյանը դուրս եկավ համակարգից, նրա հետ կոնֆլիկտ ունեիք։
- Ես որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ։
- Հիմա կարո՞ղ եք ազատ շփվել իր հետ։
- Ինչո՞ւ չէ։
- Բայց Դուք առճակատման մեջ էիք գտնվում դատախազության հետ։
- Անձամբ ե՞ս, թե՞ կառույցը նկատի ունեք։
- Կառույցն էլ, բայց շատը անձերով էր պայմանավորված։
- Դրանք Ձեր ենթադրություններն են։
- Բայց երեւում էր, որ անձերով էր պայմանավորված, հիմա էլ, ասում են, Աննա Վարդապետյանի հետ հաշտ եւ համերաշխ աշխատում եք։
- Ո՞վ է ասում․․․ Ես ասում եմ՝ նորմալ աշխատում ենք դատախազության հետ։
- Այլեւս կոնֆլիկտներ չե՞ն լինի Հակակոռուպցիոն կոմիտեի եւ դատախազության միջեւ։
- Ես հարցը չեմ հասկանում։ Նայեք, դատախազությունն իրականացնում է նախաքննության նկատմամբ հսկողության ֆունկցիա։ Դա ենթադրում է, որ նաեւ կարող են քննիչների կողմից կայացված որոշակի որոշումներ վերացվել, տրվեն ցուցումներ, որոնց վերաբերյալ նախաքննական մարմինը կարող է ունենալ ուրույն կարծիք, բողոքարկել, արդյոք դա կդիտվի՞ կոնֆլիկտ՝ ըստ Ձեզ։
- Ենթատեքստն այն է, որ Արթուր Դավթյանը կարծես թե փորձում էր պաշտպանել նախկին պաշտոնյաներին, Դուք գոհ չէիք դրանից, ասում էիք՝ Հակակոռուպցիոնը խախտումներ, ապօրինություններ է հայտնաբերել։
- Ուղղակի պետք չէ ենթատեքստեր փնտրել, Դուք հիմա ենթադրություններ եք անում։
- Բայց միջգերատեսչական բախումը, որն անձերով էր պայմանավորված, շատ ակնհայտ էր։
- Չէ, Դուք ենթադրություններ եք անում, նման բան չկա, ես ասացի, որ դատախազության եւ քննչական մարմնի միջեւ կարող են լինել հակասություններ, եւ դա նորմալ է։ Ավելի վատ է, երբ որ այդ հակասություններն առհասարակ չկան։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարմին օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունները ոչ ամբողջ ծավալով է իրականացնում։
- Սակայն այդ հակասությունների պատճառով շատ քրեական գործեր տուժում էին, վերջնարդյունքին չէին հասնում, մարդիկ չէին իմանում, թե, օրինակ, Հովիկ Աբրահամյանի առանձնատան պատմությունն ինչ եղավ, օրինակա՞ն էր այդ ամեն ինչը, թե՞ անօրինական։
- Նախաքննություն է իրականացվում, որքանով ինձ հայտնի է՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, կարող եք դիմել եւ ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։
- Կարծում եք՝ այժմ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ դատախազությունը խոչընդոտներ չի՞ հարուցի ձեր Հակակոռուպցիոն կոմիտեի համար։
- Մենք դատախազության հետ գտնվում ենք գործընկերային եւ օրենքով նախատեսված հարաբերությունների մեջ, շատ նորմալ, շատ լավ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում