«Փաստ». Թաթոյան, Չալաբյան, Թանդիլյան... նոր թեկնածունե՞ր են ի հայտ գալիս
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, 2023 թվականին սպասվող Երևանի ավագանու ընտրությունները բավական մրցակցային կարող են լինել: Բանն այն է, որ չնայած բավական ժամանակ կա մինչ ընտրությունները, արդեն իսկ տարբեր ուժեր, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից, սկսել են հայտարարել կամ ակնարկել իրենց մասնակցության մասին: Եթե ՔՊ-ի դեպքում արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, ապա ընդդիմադիր դաշտում առկա անունները վերջնական չեն, և քաղաքական ուժերի շրջանում կա տեսակետ, որ նոր դեմքերի ու անունների կարիք կա:
Մասնավորաբար, խոսակցություններ կան, որ մի շարք քաղաքական ուժեր բանակցություններ են վարում ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, որպեսզի վերջինս համաձայնի լինել քաղաքապետի իրենց թեկնածուն: Նմանատիպ խոսակցություններ կան նաև «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի անվան հետ կապված:
Իսկ Ռուբեն Վարդանյանի՝ հատկապես Արցախի պետնախարար նշանակվելուց հետո առավել ակտիվացան տեղեկություններն այն մասին, որ Երևանի ընտրություններին մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը, և ցուցակը կարող է գլխավորել Մանե Թանդիլ յանը: Մի խոսքով, թեժ ընտրություններն են, կարծես, սպասվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում