ՊՎԾ-ն ուսումնասիրել է Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության գնումները
Հասարակություն«Եվրոասֆալտ» ՓԲԸ-ում, որի ղեկավարը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրն է, ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Դեռեւս ամիսներ առաջ վարչապետի հանձնարարությամբ ՊՎԾ-ն ձեռնամուխ է եղել 2 անընդմեջ իրականացվող վերահսկողական գործընթացների մեկնարկին՝ մեկը պաշտոնատար բարձրաստիճան անձանց հետ հնարավոր փոխկապակցվածություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունը գնումների գործընթացին եւ երկրորդը՝ հանրային գնումների ողջ սպեկտրը այս պահին ամենօրյա մշտադիտարկման տակ է ՊՎԾ-ի կողմից»,- նշեց Պետրոսյանը։
Նա նշեց, որ ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին մինչեւ հոկտեմբերի ավարտը ներառյալ շուրջ 170 վերլուծական տեղեկանքներ են կազմվել Գնումների վերահսկողության վարչության կողմից.
«Պետական այն բոլոր գնումները, որտեղ ձեր մատնանշած սուբյեկտը մասնակցություն է ունեցել, մինչեւ օրս կարող եմ ասել, որ ուսումնասիրել ենք եւ գնման հրավերը, եւ ներկայացված փաթեթները, եւ մրցույթի պայմանները։ Խտրական որեւէ չափորոշիչներ կամ առերեւույթ իրավախախտումներ չեն հայտնաբերվել»։