Իլհամ Ալիևը պատրաստ էր Հայաստանում 5 մլրդ ներդնել. Լուկաշենկո
Ալիևին առաջարկել եմ հակամարտության կարգավորման դեպքում մտածել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին, որպեսզի «վերջնականապես հաշտվեք, և դա ցույց տաք երկու երկրների ժողովուրդներին»։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Հետո Իլհամին հարց տվեցի. «Լսիր, լավ, համաձայնիր, դու պետք է ինչ-որ կերպ օգնես Հայաստանին, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ դու հաշտվել ես։ Լավ, ինչքա՞ն կարող ես ներդնել Հայաստանում»։ Ասում է՝ առնվազն հինգ միլիարդ։ Բայց գլխավորը՝ նրանք խողովակաշարեր էին կառուցելու։ Եվ Իլհամն առաջարկել է այս գազատարներն ու նավթամուղերը Հայաստանով անցկացնել»։
Լուկաշենկոյի խոսքով Ալիևն ասել է, որ ինչո՞ւ պետք է շրջեմ Վրաստանով: Ես Հայաստանով եմ ուզում կառուցել։ Դա մեզ համար էլ է լավ, եկամտաբեր է։
«Ադրբեջանի նախագահին ոչինչ չէր մնում, քան ուժ կիրառել։ Անհնար էր առաջ գնալ։ Ավելի քան մեկ միլիոն փախստականներ լարվածություն էին ստեղծել։ Սա էր խնդիրը»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերջապես գալ խնդրի խաղաղ լուծմանը։ «Հիմա վերջապես եթե համաձայնել ենք համակերպվել, պետք է հաշտություն կնքենք։ Ինչպես ինձ ասացին, այս սահմանն արդեն բաժանված է։ Սարեր կան։ Դե համաձայնեք։ Այդ գործընթացն այնտեղ ապահովում է Ռուսաստանը։ Ինչո՞ւ եք հիմա իրար սպանում։ Գրեթե 300 մարդ է զոհվել, իսկ նրանք այլ բանի մասին են խոսում։ Պետք է հանգստանալ և համաձայնության գալ»,- նշել է Լուկաշենկոն։