Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 7-ին։
Պարզվում է դատավոր Ստեփանյանին եւս ցանկանում են պատասխանատվության ենթակել՝ դատավարական ժամկետները խախտելու համար, որպիսի խախտում վերագրվում էր նաեւ դատավորներ Աննա Փիլոսյանին, Վահե Միսակյանին։ Ընդ որում, վերջիններս՝ թե՛ Փիլոսյանը, թե՛ Միսակյանը հենց ԲԴԽ-ում որպես դատավարական ժամկետների չպահպանման պատճառ մատնանշել էին հենց դատարանների գերծանրաբեռնվածության հարցը։ ԲԴԽ-ն արդեն քննել է նշված գործերը, դատավոր Աննա Փիլոսյանի գործով՝ մերժել ԱՆ միջնորդությունը, իսկ Վահե Միսակյանի գործով որոշումը կհրապարակվի նոյեմբերի 3-ին։
Դատավոր Արթուր Ստեփանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, ձեռնպահ մնաց այս փուլում որոշակի մանրամասներ հայտնել՝ իր նկատմամբ հարուցված վարույթի մասին, բայց հաստատեց, որ իրեն վերագրվում է դատավարական ժամկետի խախտում, որը, ըստ վարույթ հարուցող մարմնի, հանգեցրել է ինչպես դատավարական իրավունքի նորմի, այնպես էլ՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման։ Մասնավորապես, ըստ ներկայացված միջնորդության, դատական ակտն ուշացումով է կողմին տրամադրվել։
Իսկ թե արդյո՞ք հնարավոր համարում է, որ հարուցված վարույթը պայմանավորված է նաև իր անձով, Դատավորների միության փոխնախագահ լինելու հանգամանքով՝ դատավորը նշեց, որ փաստեր չունի՝ նման եզրահանգման գալու և բարձրաձայնելու համար։
Դիտարկմանը, որ դատավարական ժամկետների խախտման հիմքով դատավորների նկատմամբ վարույթները հարուցվում են՝ դատարանների նման ծանրաբեռնվածության պայմաններում՝ Ստեփանյանն արձագանքեց, որ դատավորների գերծանրաբեռնվածությունն արդեն անկառավարելիին մոտ է կամ անցել է այդ սահմանը և, եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ ԲԴԽ-ում քննվող գործերի հիմնական մասը վերաբերում է դատավարական ժամկետների խախտմանը, որն ինքնըստինքյան հիմք է, բխում է դատավորների ծանրաբեռնվածությունից։ Դատավորի գնահատմամբ՝ դա արդեն իսկ ազդակ է, որ բոլորս հասկանանք և ընդունենք, որ իրականում դատարաններում շատ ծանր վիճակ է ծանրաբեռնվածության իմաստով, կարգապահական վարույթներն արդեն իսկ վկայում են այդ մասին՝ մեկ դատավոր չէ, երկու դատավոր չէ՝ համակարգային բնույթ է կրում։
Դիտարկմանը, որ, փաստացի, համակարգային լուծումներ գտնելու փոխարեն զբաղված են նման մեթոդներով՝ կարգապահական վարույթներով «պայքարելով», Ստեփանյանը միայն փաստերն արձանագրեց, որ այս պահին ունենք այն օրենսդրական կարգավորումները, որոնք կան, դատարաններում ունենք խայտառակ ծանրաբեռնված վիճակ, ունենք կարգապահական վարույթ, որը դռնբաց կարգով քննվել և հրապարակվել է, և իր պարագայում ևս կարգապահական վարույթը հարուցվել է՝ դատավարական և դատավորի վարքագծի կանոնի խախտման հիմքերով։
Նրա փոխանցմամբ՝ Երևան քաղաքում գործում է քաղաքացիական գործեր քննող 33 դատավոր, 10 ամսվա ընթացքում ստացվել է շուրջ 55.000 քաղաքացիական գործ, շուրջ՝ 30.000 արբիտրաժային վարույթի գործ և շուրջ 15.000՝ վճարման կարգադրություն, միայն մուտք եղած գործերը, արդեն՝ մոտ 100.000 գործ՝ 10 ամսում։ Այս թվին ավելանում են նաև այն գործերը, որոնք բեկանվում են Վերաքննիչ դատարանի կողմից և ուղարկվում նոր քննության, բացի այդ, դատավորների՝ թոշակի կամ այլ ատյանի դատարան տեղափոխվելու դեպքում ևս գործերը վերաբաշխվում են՝ գործող դատավորների միջև։ Այսինքն՝ յուրաքանչյուր դատավոր ստանում է 3000-5000 գործ՝ տարվա կտրվածքով, չհաշված, նախորդ տարվա ընթացքում փոխանցված և անավարտ գործերը։ Աշխատանքային ժամերը րոպեների վերածելով՝ կկազմի մի քանի րոպե, որ դատավորը պետք է ծախսի յուրաքանչյուր գործի վրա, մինչդեռ, յուրաքանչյուր՝ անգամ ամենապարզունակ գործով պետք է վարույթ ընդունել, այլ դատական ակտեր կայացնել, միջանկյալ որոշումներ կայացնել, վերջնական դատական ակտ կայացնել։
Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը և դրա ուղղությամբ տարվող աշխատանքներին, օրինակ, շրջանառվող նախագծին, որով առաջարկվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Երևանի քաղաքացիական և Երևանի քրեական դատարանների վերածելուն, որով դատավորների թիվը չի ավելացվում, գործերի թիվն էլ, բնականաբար, չի նվազեցվելու, ապա Ստեփանյանը նշեց, որ այն՝ նշված տարբերակով՝ ծանրաբեռնվածություն նվազեցնելու հնարավորություն չունի, սակայն կազմակերպչական իմաստով, դատարանի նախագահի՝ օրենքով սահմանված կարգով լիազորություններն իրականացնելու իմաստով, միգուցե, ավելի արդյունավետ լինի։
«Ունենք՝ X քանակի գործ, որը ստացվում է։ Անկախ նրանից՝ գործը որտեղ մուտք լինում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում, թե ի քաղաքացիական դատարանում՝ դրանից գործերի քանակը չի փոխվելու։ Ունենք X թվով քաղաքացիական մասնագիտություն ունեցող դատավորներ, որոնք, ըստ նախագծի, պաշտոնավարելու են Երևանի քաղաքացիական դատարանում։ Այսինքն՝ ոչ դատավորների թիվ է փոխվում, ոչ գործերի թիվն է նվազեցվում, ըստ այդմ, չեմ կարծում, որ ծանրաբեռնվածությունը կնվազի»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ հնարավոր է, որ դատարանի նախագահի աշխատանքն ավելի արդյունավետ դառնա։
Աղբյուր` Փաստինֆո