Մահացել է բրիտանացի դերասան Թիմ Ռոթի որդին՝ Քորմակը. Deadline
25 տարեկանում քաղցկեղից մահացել է Pulp Fiction-ի աստղի որդին։ Ընտանիքի հայտնած տեղեկությունների համաձայն նա վերջին մեկ տարվա ընթացքում պայքարում էր հիվանդության դեմ, հայտնում է Deadline-ը:
«Բենինգթոն քոլեջի շրջանավարտ Քորմակը բացառիկ շնորհալի եւ արտասովոր երաժիշտ էր, ում կիրքն ու սերը ստեղծագործելու հանդեպ ձգվում էին մինչեւ այն ժամանակները, երբ իր կիթառը իրենից մեծ էր: Որպես կիթառահար, երգահան եւ պրոդյուսեր, իր տարիքից ավելի իմաստուն, Քորմակի կարիերան նոր էր սկսում վերելք ապրել: Նա էներգիայի վայրի փունջ էր եւ լցված էր լույսով: Ինչքան էլ նա վայրի էր, Քորմակը նաեւ բարության մարմնացում էր: Քնքուշ հոգի, ով այնքան երջանկություն եւ հույս է բերել իր շրջապատին», - ասվում է ընտանիքի տարածած հայտարարության մեջ:
2021 թվականի ամռանը երիտասարդը սոցիալական ցանցերում խոսել էր իր ախտորոշման մասին։ Նա հայտարարել էր, որ նիհարել է 27 կիլոգրամով եւ մասամբ կորցրել լսողությունը, սակայն հիվանդությունը չի կարող խլել ապրելու կամքը եւ երաժշտության հանդեպ սերը։
«Հիշիր, որ կյանքը կարճ է, եւ դու միշտ չէ, որ կարող ես ընտրել քո ճակատագիրը, միշտ չէ, որ կարող ընտրել քո ապագան, սակայն եղիր այդ աննկուն ուժը, որն ապրում եւ շնչում է այն, ինչ նա սիրում է», - ասել էր երաժիշտն այն ժամանակ տարածած տեսանյութերից մեկում: