Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ՌՕՈւ լայնածավալ զորավարժություններ են սկսել
ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սկսել են լայնածավալ համատեղ ռազմաօդային զորավարժություններ Կորեական թերակղզու երկնքում՝ 240 մարտական ինքնաթիռների մասնակցությամբ, ներառյալ կատարելագործված, գրեթե աննկատ F-35 կործանիչ-ռմբակոծիչները՝ սթելս տեխնոլոգիայով, գրել է հարավկորեական «Ռյոնհափ» գործակալությունը։
Ինչպես նշվել է, «Արթուն գրոհ» զորավարժությունների շրջանակում նախատեսված են մոտ 1 600 մարտական թռիչքներ։ Դաշնակիցների խոսքով՝ այս պատրաստությունն անհրաժեշտ է Հյուսիսային Կորեայի պոտենցիալ սպառնալիքին դիմակայելու համար, որն այս տարի կազմակերպել է ռեկորդային թվով հրթիռային արձակումներ։ Բացի այդ, Սեուլը մտավախություն ունի, որ Փհենյանը շուտով կարող է միջուկային փորձարկում իրականացնել։
Ինչպես մինչ այդ տեղեկացրել էին ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժերի հրամանատարությունում, զորավարժություններին մասնակցում են նաեւ հազար կորեացի եւ ամերիկացի զինծառայողներ։ Բացի այդ, Ավստրալիայի Թագավորական ՌՕՈւ 33-րդ էսկադրիլիան Հարավային Կորեա կուղարկի KC-30A լիցքավորող ինքնաթիռը։ Զորավարժություններն ընթանալու են մինչեւ ուրբաթ՝ նոյեմբերի 4-ը։
Հարավային Կորեայում չեն բացառում, որ Հյուսիսային Կորեան, ի պատասխան դաշնակիցների զորավարժությունների, նույնպես կարող է փորձել ցուցադրել իր կրակային հզորությունը՝ բալիստիկ հրթիռներ արձակելով։