Հայաստանի տարածքում հաղորդակցության ուղիները պետք է լինեն Երևանի լիակատար վերահսկողության ներքո. Փաշինյան
Հայաստանով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն մեր լիակատար հսկողության ներքո և շահագործվեն Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Այս մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունն իր հերթին պետք է վերահսկողություն իրականացնի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ»,- նշել է վարչապետը։
Նա հավելել է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ և պատրաստ է ցանկացած պահի գնալ լուծումների, որոնք նախատեսված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն։