Իրանի ԱԳՆ-ն ԻՀՊԿ-ի դեմ ԵՄ պատժամիջոցներն անօրինական է անվանել
Իրանական կողմը անօրինական է համարում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու Եվրամիության, մասնավորապես՝ Գերմանիայի որոշումը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, փոխանցում է Tasnim-ը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշման մասին Գերմանիայի իշխանությունների հայտարարությունները Իրանի նկատմամբ այդ երկրների անպատասխանատու գործողությունների շարունակությունն են»,- ասել է Քանաանին։
Նա ընդգծել է, որ ԻՀՊԿ-ն Իրանի պաշտոնական ռազմական մարմինն է։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Գերմանիայի եւ եվրոպական այլ երկրների կառավարությունները ուշադրություն կդարձնեն Թեհրանի դեմ իրենց ապակառուցողական գործողությունների արդյունքին եւ «չեն զոհաբերի իրենց շահերը հանուն հպանցիկ քաղաքական օգուտների»։