Դերասաններն ուղեղի ակտիվության մակարդակում ճնշում են «սեփական ես-ի զգացումը»
Նյարդաֆիզիոլոգներն առաջին անգամ ուսումնասիրել են պրոֆեսիոնալ դերասանների ուղեղի ակտիվությունը փորձի ժամանակ։ Պարզվել է, որ նոր դերերը ստիպում են նրանց ճնշել «սեփական ես-ի զգացումն» այնքան, որ նախաճակատային կեղեւը դադարում է արձագանքել սեփական անվանը։ Բացի այդ, գիտնականները հետեւել են նույն տեսարանը միասին փորձող դերասանների ուղեղի ակտիվության օրինաչափությունների սինխրոնացմանը:
Լոնդոնի համալսարանական քոլեջի (Մեծ Բրիտանիա) գիտնականները եկել են այն եզրակացության, որ պրոֆեսիոնալ դերասանները ճնշում են իրենց ինքնազգացումը, երբ խաղում են նոր դերեր: Այս բացահայտումը ցույց է տալիս, որ թատերական ուսուցումը կարող է մեծ ազդեցություն ունենալ ուղեղի ակտիվության հիմնարար մեխանիզմների վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Cognitive Neuroscience ամսագրում:
Աշխատանքի հեղինակներն օգտագործել են Կալիֆոռնիայի համալսարանում (ԱՄՆ) մշակված ուղեղի պատկերման շարժական տեխնոլոգիաներ՝ փորձի ժամանակ դերասանների ուղեղի ակտիվությունն առաջին անգամ գրանցելու համար։ Հետազոտությանը մասնակցել են վեց պրոֆեսիոնալ դերասաններ, որոնք խաղացել են տեսարաններ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ» պիեսից:
Ինչպես պարզվել է, երբ փորձի ժամանակ դերասանները լսել են իրենց անունը, ուղեղի ձախ կիսագնդի նրանց նախաճակատային կեղեւը որեւէ կերպ չի արձագանքել դրան։ Համարվում է, որ այս ոլորտը սերտորեն կապված է ինքնագիտակցության եւ ինքնազգացումի գործընթացների հետ: Մարդու համար սեփական անունի հնչելը հզոր սոցիալական ազդանշան է, որը սովորաբար ստիպում է շրջել գլուխը եւ փնտրել ձայնի աղբյուրը: Սակայն արվեստագետները կարծես թե կարողանում են ճնշել այս արձագանքը նյարդային մակարդակում:
Այս արդյունքը նկատվել է շաբաթվա ընթացքում փորձարկմանը մասնակցած բոլոր դերասանների մոտ։ Միեւնույն ժամանակ, սովորական պայմաններում դերասանները նորմալ են արձագանքել իրենց անվանը՝ թե՛ իրենց պահվածքով, թե՛ նախաճակատային կեղեւի ակտիվությամբ։ Գիտնականներն ակնկալում են, որ այս հետազոտությունը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես է թատրոնում աշխատանքն ազդում ուղեղի ակտիվության վրա։
Մեկ այլ խնդիր էր միասին նույն տեսարանը փորձող դերասանների զույգերի միջեւ միջանձնային համակարգման ուսումնասիրումը: Հեղինակները հետեւել են նրանց սրտի զարկերին, շնչառությանը եւ ուղեղի ակտիվությանը:
Արդյունքում գիտնականներն ակտիվության նմանատիպ օրինաչափություններ են հայտնաբերել միասին փորձեր անող երկու դերասանների գլխուղեղի աջ ստորին ճակատային մասում եւ աջ ճակատաբեւեռային կեղեւում: Այս հատվածները կապված են սոցիալական փոխազդեցության եւ գործողությունների պլանավորման հետ: Դիտարկվող ազդեցությունները, պարզվել է, հատուկ են ուղեղի համար եւ չեն նկատվել սրտի զարկերի կամ շնչառության տվյալների մեջ: