Թուրքիայում դատարանը Հունաստանի քաղաքացուն 12 տարվա ազատազրկման է դատապարտել լրտեսության համար
Թուրքիայում դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել Հունաստանի սիրիական ծագումով քաղաքացուն՝ հունական հետախուզական EYP ծառայության օգտին լրտեսելու մեղադրանքով, հայտնում է Greek Reporter-ը։
Հունիսին Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Յանիս Օյկոնոմուն հայտարարել էր, որ Ամպարան «որեւէ հունական ծառայության հետ ընդհանուր ոչինչ չունի»։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հայտնել է, որ Մուհամմեդ Ամար Ամպարան Թուրքիա կատարած իր այցերի ժամանակ ներկայացել է որպես գործարար եւ առեւտրի անվան տակ զբաղվել է լրտեսությամբ։
Ամպարան, ըստ MIT-ի, տեղեկություններ է հավաքել սահմանին թուրքական զինված ուժերի տարրերի մասին եւ այն փոխանցել է հունական հետախուզությանը:
Մայիսին MIT-ի գործակալները Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Գազիանթեփ քաղաքի գլխավոր փողոցում կանգնեցրել են գորգերի 67-ամյա վաճառական Ամպարային։ Նրա գլխին կնգուղ են գցել ու հրել մուգ ֆուրգոնի մեջ՝ ասելով. «Չխոսես, հույն լրտես»։
Այնուհետեւ Ամպարային տեղափոխել են Անկարայից դուրս գտնվող խիստ ռեժիմի բանտ եւ մեղադրել Թուրքիայի դեմ քաղաքական եւ ռազմական լրտեսության համար:
CNN Turk-ը հայտնել է, որ նա իբր խոստովանել է իր լրտեսական ողջ գործունեությունը։
Հունաստանի քաղաքացու դատավճիռը անխուսափելիորեն կհանգեցնի Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության հետագա սրման։