Գիտնականները պարզել են, որ մազերի ուղղումը կարող է քաղցկեղ առաջացնել
Եվս մեկ համոզիչ փաստարկ՝ հօգուտ այն բանի, որ չարժե վիճել բնության հետ։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ քիմիական նյութերով մազերը ուղղելը բավականին վտանգավոր է։ Նման պրոցեդուրաների չարաշահումը կարող է կրկնապատկել արգանդի քաղցկեղի վտանգը. նման բացահայտումներ են արվել Միացյալ Նահանգների Առողջապահության ազգային ինստիտուտում (NIH): Ավելի քան 10 տարի գիտնականները հետեւել են 35-74 տարեկան 33947 կանանց:
Այս ընթացքում 378 կնոջ մոտ արգանդի քաղցկեղ է առաջացել։ «Մենք գնահատմամբ կանանց 1,64%-ի մոտ, ովքեր երբեք չեն ունեցել մազերի քիմիական ուղղում, մինչեւ 70 տարեկանը կարող է զարգանալ արգանդի քաղցկեղ, բայց նրանց մոտ, ովքեր հաճախ են դա անում, ռիսկը հասնում է 4,05%-ի», - հայտարարել է հետազոտության ղեկավար Ալեքսանդրա Ուայթը ԱՄՆ ազգային ինստիտուտից:
Սա առաջին դեպքը չէ, երբ գիտական հանրությունը բարձրաձայնում է մազերի քիմիական ուղղման վտանգի մասին: Ավելի վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման արտադրանքը պարունակում է նյութեր, որոնք խախտում են էնդոկրին համակարգը։ Գիտնականները կարծում են, որ դրանք գլխի մաշկի միջոցով ներթափանցում են արյան շրջանառություն, ապա արգանդ՝ մեծացնելով քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս արդյունքները հանդիսանում են ապացույց, որ մազերի ուղղման միջոցների օգտագործման եւ արգանդի քաղցկեղի միջեւ կապ կա։ Այս մասին հայտնում են Ուայթն ու գործընկերները՝ Քաղցկեղի ազգային ինստիտուտի ամսագրում:
Միաժամանակ փորձագետները չեն նշում, թե որ բաղադրիչների մասին է խոսքը, մնում է պարզել։ «Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ բացահայտելու հատուկ քիմիական նյութերը, որոնք մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը», - հայտարարել են գիտնականները: