Ծննդյան փուչիկները կորցրած տղան դրանք գտած անծանոթից 100 դոլար է նվեր ստացել
Միսսուրիից երկրորդ դասարանցի մի աշակերտ, ով կորցրել էր իր ծննդյան փուչիկները, 100 դոլարի գեղեցիկ անակնկալ է ստացել մի անծանոթից, ով գտել էր փուչիկները հարյուրավոր մղոն հեռավորության վրա:
Քեյսոն Ջոնսոնը դպրոցում դասընկերների հետ նշել է իր 8-րդ տարեդարձը, որից հետո մոր մեքենային մոտենալիս անզգուշությամբ բաց է թողել իր փուչիկները:
Քլիվլենդից 500 մղոն հեռավորության վրա գտնվող մի մարդ նկատել է փուչիկների մի փունջ, որոնք խրված են եղել իր տան ցանկապատի մեջ, հայտնում է KORL-ը։ Փուչիկների վրա մի ծրար է եղել, որի վրա գրված է եղել փուչիկները վաճառող ընկերության անվանումը եւ Քեյսոնի դպրոցի՝ Elementary Mountain Grove-ի անվանումը։
Թոդ Հայլերն օգտվելով իր գտած տեղեկատվությունից Քեյսոնին եւ նրա ուսուցչին է ուղարկել իր ատաղձագործական խանութում պատրաստած իրերից, ինչպես նաեւ 100 դոլար՝ որպես տղայի ծննդյան օրվա նվեր:
Ոմանք այս արարքն անվանում են «անշահախնդիր սիրո» դրսեւորում։ Հայլերը նաեւ ուղարկել է իր լուսանկարը եւ նույնիսկ ժամանակ է հատկացրել՝ Քեյսոնի ծնողներին սրտառուչ գրառում գրելու համար:
«Իսկապես հաղորդագրություն շշով», - գրել է Հայլերը նամակում:
«Ընտանիքի պարզ ժեստը, որ անակնկալ նվերով երկրորդ դասարանցու նկատմամբ սեր եւ գնահատանք էր արտահայտում, անհավատալի տպավորություն թողեց ինձ վրա: Քեյսոնը զարմանալիորեն հաջողակ է, որ ունի ընտանիք, որը ջանք չի խնայի անձնուրաց սեր ցուցաբերելու համար», - գրել է տղամարդը: