«Ժողովուրդ». ՔՊ-ական մի քանի պատգամավոր տևական ժամանակ անվտանգության աշխատակիցներ են ունեցել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին, Հրաչյա Հակոբյանին եւ Վահագն Ալեքսանյանին տեւական ժամանակ անվտանգության աշխատակիցներ են տրամադրած եղել:
Նկատենք՝ նախորդ տարին խորհրդարանում բավականին թեժ էր, եւ պարբերաբար բախումներ էին տեղի ունենում իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջեւ: Դրանցից մեկի ժամանակ՝ 2021 թվականի օգոստոսի 25-ին, ակտիվ էր, օրինակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, որը ոտքով հարվածեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին:
Մեկ այլ անգամ էլ ծեծկռտուքի ժամանակ դահլիճում այդ ամենին հետեւում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ, ահա, ընդդիմության եւ իշխանության այս եւ մյուս միջադեպերից հետո ուժային կառույցները կապ են հաստատել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ վարչապետի տիկնոջ եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի, ՔՊ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վահագն Ալեքսանյանի հետ եւ հայտնել, որ նրանց պետք է ապահովեն անվտանգության աշխատակիցներով, ասել է թե՝ թիկնապահներ տրամադրեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔՊ-ական պատգամավորներին բացատրել են, որ օպերատիվ տվյալներ կան, որ միգուցե որոշ անձինք փորձեն հաշվեհարդար տեսնել իրենց հետ եւ ծեծի ենթարկեն նրանց:
Այս ամենից հետո վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորները տեւական ժամանակ անվտանգության աշխատակիցների հսկողությամբ են գնացել ցանկացած վայր եւ միայն մոտ մեկ ամիս առաջ են առանց թիկնապահների շրջում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում