«Հրապարակ». ԲԴԽ-ն կարևոր ֆրոնտ է իշխանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Խորհրդարանի առաջիկա նիստում կքննարկեն եւ, ըստ ամենայնի, Գրիգորյանին կընտրեն այդ պաշտոնում, որը թափուր է մնացել Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո։
Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատել է 2018 թվականի հուլիսից մինչեւ 2021 թվականի հուլիսը: Պաշտոնից ազատվելու օրերին էլ նա պաշտպանել էր դոկտորական ատենախոսությունը: Դրանից անցել է մեկ տարուց ավելի․ այս ընթացքում Գրիգորյանը լուռ է եղել, չի քննադատել Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին, ուստի արժանացել է երկրորդ անգամ պաշտոն ստանալու պատվին: Հոկտեմբերի 17-ին նա դիմել էր ՀՀ զինվորական դատախազի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար:
Ընդ որում` միակ դիմողն է, սակայն, հավանաբար, ԲԴԽ-ն ավելի կարեւոր ֆրոնտ է իշխանությունների համար, իսկ Գրիգորյանն այն քչերից է, ով ե՛ւ գիտական կոչում ունի, ե՛ւ իշխանություններին ծառայելու փորձ։ Ուստի որոշվեց, որ նա հետ վերցնի դիմումը եւ գործուղվի ԲԴԽ` գիտնական-անդամի պաշտոնում աշխատելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում