Բաքուն պատասխանել է Փաշինյանի՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով 3 անցակետ բացելու առաջարկին
Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշումը դիտարկում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
«Որովհետև, նախ, մշտադիտարկման արդյունքների համաձայն, այդ կետերից սկսվող ճանապարհները, ռելիեֆային և բնակլիմայական պայմանների պատճառով, տարվա մեծ մասը պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, առավել ևս՝ միջազգային տարանցիկ երթևեկության համար, որն ապաշրջափակման նպատակներից մեկն է։
Բացի այդ, որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի համաձայնությամբ՝ հայելային։ Ադրբեջանի հետ այս հարցում պայմանավորվածություններ չեն եղել։ Հետևաբար, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9-րդ կետի պայմանների չկատարման հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը չի ցանկանում տրամադրել ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալ երթուղի՝ առաջարկված նույն մշտադիտարկման արդյունքում»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետը։
Նա ընդգծել է, որ կարևոր են նաև միջազգային տարանցիկ երթևեկության անցման եղանակների ներդաշնակեցումը և այսպես կոչված ներքին տրանսպորտի պարզեցված ռեժիմները՝ հավասարության հիմունքներով. «Այսպիսով, հայկական կողմի թեմայի շուրջ շահարկումները և իմիտացիան խեղաթյուրում են 20-ամսյա բանակցային գործընթացի էությունը, հանգեցնում դրա ձգձգման և, ի վերջո, Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելուն»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանվ ավելի վաղ թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է։
«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,-գրել էր Փաշինյանը:
Օգոստոսի 18-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է դրվել հայ-ադրբեջանական երեք ավտոմոբիլային անցակետ ստեղծելու նախագիծ։
Եթե կառավարությունը հավանություն տա, անցակետերը կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ «ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար (Քարվաճառ՝ Tert.am), Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու»: