Մենք չենք հանձնում Արցախը, նախորդ իշխանություններն էին խոսում տարածքները հանձնելու մասին․ Սասուն Միքայելյան
«Հոկտեմբերի 27»-ը դեռ չի բացահայտվել, բայց կբացահայտվի ընթացքում, ինձ թվում է մեր իշխանությունները կբացահայտեն այն։ Այս մասին Եռաբլուր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Եթե «Հոկտեմբերի 27»-ը չլիներ և Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կենդանի մնային, մենք տարածաշրջանում կունենայինք Իսրայելի պես պետություն։ Սպարապետի օրոք մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր, ցավոք, հայը միշտ հայի ձեռքով է պարտվել, դավաճանություն միշտ եղել է, որը եղավ և՛ այդ ժամանակ, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ»,- ասաց Միքայելյանը։
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ից հետո Հայաստանի սահանների շուրջ ստեղծված իրավիճակին և ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Միքայելյանը ասաց․
«Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց ՀԱՊԿ-ը ոչինչ չարեց, եթե այդպես շարունակեն, մտածելու տեղիք է տալիս՝ մնա՞լ ՀԱՊԿ-ի կազմում, թե ոչ։ Ես գերադասում եմ ազատագրել մեր տարածքները, քան իրենք հետ կքաշվեն, Ադրբեջանը հեշտ հետ չի քաշվի։ Հակառակրդը զինվում է ժամանակակից զինտեխնիկայով, իսկ մեզ մոտ նախորդ իշխանությունները ալան-թալան արեցին, կեղեքեցին, այսօր էլ սատանաները սրբի շոր են հագել ու հրապարակում ասում են փրկենք երկիրը։ Երեք տարվա մեջ հնարավոր չէր դիմակայել այդ հզոր զինտեխնիկային։ Նախորդ իշխանությունները միշտ ասել են՝ բանակցային փուլում ոչ մի գործընթաց չի լինելու, պետք է տարածքները հանձնենք։ Մենք չենք հանձնում Արցախը, միջազգային ատյաններում քննարվում է Արցախի հարցը, եկեք չշտապենք, մենք Արցախը երբեք չենք թողնի»,- ասաց Միքայելյանը։