Համաշխարհային տնտեսությունը մոտենում է ռեցեսիայի
Համաշխարհային տնտեսությունը մոտենում է ռեցեսիայի։ Տնտեսագետները, ըստ Reuters-ի հարցման, հերթական անգամ իջեցրել են աճի կանխատեսումներն առանցքային տնտեսությունների համար, այն դեպքում, երբ կենտրոնական բանկերը շարունակում են բարձրացնել տոկոսադրույքները, որպեսզի իջեցնեն կայուն բարձր գնաճը։
Խոշոր տնտեսությունների մեծ մասում, որոնք արդեն գտնվում են ռեցեսիայի մեջ կամ մոտենում են դրան, համեմատաբար ցածր է գործազրկության մակարդակը նախորդ անկումների համեմատ։ Վերջին հարցումը ենթադրում է առնվազն չորս տասնամյակի ընթացքում ամենացածր տարբերություն աճի տեմպերի եւ գործազրկության միջեւ։
Չնայած դա կարող է իջեցնել ռեցեսիայի ինտենսիվությունը, նաեւ կարող է նպաստել գնաճի բարձր մակարդակի ավելի երկար պահպանմանը, քան շատերն սպասում են այժմ։
Առաջատար համաշխարհային կենտրոնական բանկերի մեծ մասը շեմային տոկոսադրույքի ճանապարհին է, բայց քանի որ գնաճը դեռեւս շատ ավելի է գերազանցում իրենց մանդատը, ռիսկն այն է, որ տոկոսադրույքների վերաբերյալ այդ սպասումները չափից ավելի ցածր են։
Rabobank-ի փորձագետ Մայքլ Էվերին ասել է, որ «գլոբալ ռեցեսիայի ռիսկն» այն է, ինչի մասին խոսում են բոլորը, եւ դա հիմնականն է կանխատեսումներում։
Էվերիի խոսքով՝ գործազրկության ցածր մակարդակը խնդրահարույց է, որովհետեւ դա ուշացող ցուցանիշ է, եւ «որքան երկար այն մնա ուժեղ, այնքան ավելի շատ կենտրոնական բանկերը կզգան, որ կարող են շարունակել բարձրացնել տոկոսադրույքները»։
Սպասվում է, որ այս անգամ հարցման ենթարկված 22 կենտրոնական բանկերից միայն վեցը կհասնեն իրենց նպատակին հաջորդ տարվա վերջին։
Deutsche Bank-ի վերլուծաբանները նշել են, որ «պատմությունը երբեք չի կրկնվում նույնությամբ, բայց, քանի որ գնաճի կանխատեսումը վերջին 18 ամիսներին այնքան վատ էր, արժե հարցնել, թե ինչ է սովորաբար տեղի ունենում, երբ գնաճը գերազանցում է այդ շեմային մեծությունները»։
Բաժնեթղթերի եւ փոխառությունների գլոբալ շուկաներն այդ ընթացքում քաոսի մեջ են, այն դեպքում, երբ դոլարը գագաթնակետին է արժույթի շուկաներում՝ ելնելով ԱՄՆ տոկոսադրույքի սպասելիքներից։
Տնեսագետների մեծ մասը հայտարարել է, որ գործազրկության կտրուկ աճի շանսերն այս տարի ցածր էին կամ շատ ցածր՝ ընդգծելով, թե որքան լայնորեն է տարածված այն կարծիքը, որ սա կործանարար ռեցեսիա չի լինելու։
Կանխատեսվում է, որ գլոբալ աճը կդանդաղի 2,3 տոկոսի 2023թ.՝ այս տարի սպասովող 2,9-ի փոխարեն, իսկ հետո նորից կվերականգնվի՝ 3,0 տոկոս 2024-ին։
Տնտեսագետների ավելի քան 70 տոկոսը՝ 242-ից 173-ը, հայտարարել է, որ կյանքի արժեքի ճգնաժամը կխորանա հաջորդ վեց ամիսներին։
Չնայած գնաճային ցիկլը գլոբալ բնույթ է կրում,շատ բան կախված կլինի այն բանից, թե որքանով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կկարողանա բարձրացնել տոկոսադրույքները։ Սպասվում է, որ 75 բազիսային կետով տոկոսադրույքի չորրորդ բարձրացումը լինելու է նոյեմբերի 2-ին, եւ տնտեսագետներն ասում են, որ ԴՊՀ-ն չպետք է դադար տա, քանի դեռ գնաճը չի իջնի՝ հասնելով ընթացիկ մակարդակի կեսին։
Սպասվում է, որ Չինաստանը՝ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը, 2022թ. 3,2 տոկոսով աճ կունենա, ինչը շատ ավելի ցածր է պաշտոնական թիրախային 5,5 տոկոս ցուցանիշից, ինչպես նաեւ զգալիորեն ցածր է մինչհամավարակային աճի տեմպերից։ Սա կլինի ամենավատ ցուցանիշը 1976-ից ի վեր։
Կանխատեսվում է նաեւ, որ Հնդկաստանի տնտեսությունը կունենա զգալի ցածր աճ հաջորդ երկու տարում, աճի միջին ցուցանիշը կկազմի 6,9 տոկոս 2022-23թթ. եւ 6,1 տոկոս հաջորդ տարի։
Եվրոյի գոտու տնտեսությունն այս տարի կունենա 3,0 տոկոս աճ, բայց չի փոխվի 2023թ., իսկ հետո կավելանա 1,5 տոկոսով 2024թ.։