ՌԴ-ն զորավարժություններում խաղարկել է հակառակորդի միջուկային հարվածին պատասխանելու սցենար
Ռազմավարական զսպման ուժերը վարժանքների ժամանակ մշակել են Ռուսաստանի դեմ միջուկային գրոհի պատասխանը: Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զորաշարժերն անցկացվել են նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ: «Ընկեր Գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նախապատրաստման պլանին համապատասխան, Ձեր ղեկավարությամբ անցկացվում Է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարման վարժանք, որի ընթացքում կմշակվեն ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնելու առաջադրանքները՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի»,-պաշտպանության նախարարության ղեկավարը զեկուցել Է պետության ղեկավարին:
Ինչպես ճշտել են Գլխավոր շտաբում, վարժանքներին մասնակցել են ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի «Յարս» շարժական գրունտային հրթիռային համալիրը, Հյուսիսային նավատորմի ռազմավարական նշանակության «Տուլա» հրթիռային սուզանավը, հեռահար օդուժի Տու-95ՄՍ երկու ռազմավարական հրթիռակիրները: Զինծառայողներն իրականացրել են «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում Պլեսեցկ տիեզերակայանից եւ «Սինեւա» բալիստիկ հրթիռի արձակում Բարենցի ծովի ջրատարածքից՝ Կամչատկայի Կուրա զինափորձարանի ուղղությամբ: Տու-95ՄՍ հրթիռակիրները կատարել են օդային բազավորման թեւավոր հրթիռների արձակումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: