8 ԳԲ RAM, USB-C պորտ և 10x խոշորացմամբ տեսախցիկ. ի՞նչ հնարավորություններ կունենա iPhone 15 Pro-ն
iPhone 15 Pro սմարթֆոնները, որոնք կթողարկվեն 2023 թ․, ամենայն հավանականությամբ, կունենան ավելի շատ օպերատիվ հիշողություն, USB-C պորտ և մի քանի բարելավված տեսախցիկներ՝ 10x խոշորացմամբ: Նման կանխատեսում է արել թայվանական TrendForce հետազոտական ընկերությունը։
Ընկերության տվյալներով՝ iPhone 15-ի շարքը բաղկացած կլինի չորս մոդելից, ինչպես iPhone 14-ի շարքը: Եվ ինչպես այս տարի, միայն երկու Pro մոդելներ կստանան Apple-ի վերջին՝ A17 Bionic պրոցեսորը, մինչդեռ ստանդարտ մոդելները կստանան A16 պրոցեսորներ:
TrendForce-ի կանխատեսումներով՝ 15 Pro-ն կունենա մինչև 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, մինչդեռ iPhone 14 Pro մոդելներն ունեն ընդամենը 6 ԳԲ օպերատիվ հիշողություն: Հաջորդ տարվա ստանդարտ մոդելները, հավանաբար, նախկինի պես կունենան 6 ԳԲ օպերատիվ հիշողություն:
Այս տարվա սկզբին Եվրամիությունը որոշեց, որ ԵՄ տարածքում բջջային սարքերի համար մեկ ստանդարտ միակցիչ պետք է օգտագործվի, և մինչև 2024 թ․ աշուն լիցքավորիչները, ականջակալները, բարձրախոսները, տեսախցիկները և բոլոր մյուս սարքերը պետք է ունենան USB-C պորտ: Ուստի պետք է սպասել, որ նման միակցիչ iPhone-ներում կհայտնվի 2023 թ․։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, վկայակոչելով Apple-ի մարքեթինգի գլխավոր տնօրեն Գրեգ Ջոսվիակին, Apple-ն արդեն հաստատել է, որ կհրաժարվի սեփական Lightning պորտից և այն կփոխարինի USB Type-C-ով։
Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա մասնագետների կանխատեսմամբ, iPhone 15 Pro Max-ը կունենա հեռաֆոտո ոսպնյակ՝ պերիսկոպի գործառույթով, որն ապահովում է առնվազն 10x օպտիկական խոշորացում ներկայիս 3x-ի փոխարեն: Pro մոդելները, հավանաբար, կունենան նաև արդիականացված հիմնական օբյեկտիվ՝ ութ պլաստիկ ոսպնյակներով (8P):
Ըստ TrendForce-ի՝ iPhone 15-ի մոդելները նախկինի պես կունենան Qualcomm մոդեմ՝ 5G կապ ապահովելու համար, քանի որ Apple-ի սեփական մոդեմի միլիմետրային դիապազոնի աշխատանքը գոհացուցիչ չէ: Հնարավոր է, որ 2024 թ․ Apple-ը ներկայացնի իր սեփական 5G մոդեմը, սակայն iPhone 15-ի շարքը, ամենայն հավանականությամբ, կթողարկվի ավելի վաղ՝ 2023 թ․ սեպտեմբերին։